Ասում է «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, նախկին խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Մերուժանը

– Մերուժան, հայտնի է, որ դուք ԽՍՀՄ տարիներին ազատազրկման ձեր տասնհինգ տարիներն անցկացրել եք քսանութ գաղութներում, եւ տրանզիտ բանտերում, այդ թվում՝ Վլադիմիրի բանտում, Կրասնոյարսկի եւ Նորիլսկի գաղութներում: Քաղաքական հայացքների համար դատապարտված հեղինակությունները չեն ընդունել քրեական աշխարհի հեղինակություններին: Ովքե՞ր էին ձեր տարիներին այդ հեղինակությունները, գողերը, արդյոք հնարովի չէի՞ն:

– Զրույցը սկսենք՝ չանդրադառնալով գողերի ծագման պատմությանը: Ստալինի գոյության օրոք ազատազրկման վայրերում միեւնույն հարկի տակ ապրում էին թե քրեական եւ թե քաղաքական հանցագործություններ կատարած անձինք: Այսինքն՝ խառն էին գաղութները, բանտերը, ազատ աքսորի վայրերը: Խրուշչովի իշխանության գալուց հետո հատուկ որոշում կայացվեց անջատել քաղկալանավորին քրեական հանցագործից, որի հետեւանքով դադարեցին քրեականների հալածանքը քաղաքական բանտարկյալների նկատմամբ: Սակայն Բրեժնեւի իշխանության գալուց հետո, մեկ այլ գաղտնի որոշմամբ, ներքին գործերի մարմիններին իրավունք վերապահվեց անհրաժեշտության դեպքում քաղաքական բռնության օջախներ նետել քրեական տարրերին, որոնք հատուկ հրամանով, առանձին քաղբանտարկյալների նկատմամբ կիրառում էին բռնություններ: Օրինակ, նրանց ձեռքից խլում էին տվյալ անձանց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները, փաթեթները, առանձին դեպքերում նաեւ՝ չնչին առիթի դեպքում ծեծի էին ենթարկում նրանց՝ մնալով անպատիժ: Մորդովիայի յոթերորդ, տասնմեկերորդ եւ հինգերորդ գաղութներում տեղաբաշխված էին 30-50 քրեական տիպեր, որոնց հանձնարարված էր տվյալ բռնության վայրում խեղճացնել, կոտրել, ահաբեկել այն տեսակի կալանավորներին, որոնք խորշում էին քրեական հանցագործներից: Հակառակ այս երեւույթին, քրեական հանցագործներն իրենց բացասական վերաբերմունքով ստիպում էին քաղկալանավորներին դիմել տվյալ գաղութի ադմինիստրացիային՝ վերջիններիս խնդրելով իրենց ազատել թշնամական բարքեր ունեցող մարդկանցից: Մի խոսքով, տեղի էր ունենում արհեստական բախում, որից տուժում էին միայն քաղկալանավորները: Սա պետական ինստիտուցիոնալ միջոցառում էր, բարոյապես ոչնչացնելու այն մարդկանց, որոնց համոզմունքն անքակտելի էր եւ ինչպես իրենք էին ասում՝ վերադաստիարակվելու ցանկություն չունեցող մարդիկ էին:

– Ովքե՞ր էին այդ տարիներին նշյալ հեղինակությունները, ի՞նչ անուններ էին շրջանառվում: Կարդացեք նաև Մեր բանտախցում գտնվում էր նաեւ Բուլատ Օկուջավայի հարազատ հորեղբոր որդին «Երբ Հայաստանում ազգային հայրենասիրությունը տակավին մոդայիկ զբաղմունք չէր դարձել» Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ – Քրեական հանցագործների մեջ առանձնահատուկ հեղինակություններ էին հանրաճանաչ այնպիսի անուններ, ինչպիսիք էին «Կոշկա», «Ձյաձ Վանյա», Օլեգ Ալեքսանդրովիչ Կիպա եւ այլ նշանավոր հանցագործներ: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ հիշյալ անուններից յուրաքանչյուրն անընդմեջ կրել է երեսուն եւ ավելի տարիների կալանք: Գաղութի ղեկավարությունը նրանց շնորհել էր բացարձակապես ազատ գործելու, քաղբանտարկյալներին բռնանալու, նրանց իբրեւ վարակ վերացնելու իրավունքով եւ հնարավորությամբ: Երբ տեսնում էին սպանված քաղկալանավորի, գաղութի բռնակալ ղեկավարները արտահայտվում էին հետեւյալ կերպ՝ «Պո մենշե սվոլոչեյ» որակումով: Սրանով արտահայտած էին լինում իրենց օրգանական ատելությունը քաղաքական համոզմունք ունեցողների նկատմամբ: Վերջիններս համարվում էին որպես ավելորդ գոյություն ունեցող, անհանդուրժելի վարքի տեր անհատներ:

– Ղարաբաղյան շարժման տարիներին հայ հեղինակությունները մի մարդու նման օգնություն եւ աջակցություն էին ցույց տալիս, ըստ էության, քաղաքական վերնախավին: Արդյո՞ք հայ հեղինակություններն ավելի հայրենասեր էին:

– Ղարաբաղյան շարժման սկզբից եւեթ Հայաստանի ներսում եւ նրանից դուրս գտնվող բոլոր հանցագործները համագործակցության մեջ մտան եւ նրանցից յուրաքանչյուրը յուրովի դրսեւորեց իր հայրենասիրությունը: Ըստ հնարավորի, օգնության ձեռք մեկնեց թե նյութապես, թե բարոյապես տուժածներին:

– Ինչո՞վ էր բացատրվում նրանց «տարօրինակ» վարքը:

– Այս երեւույթը նաեւ ցուցադրում էր հանցագործների զղջման զգացումը իրենց գործած արարքի համար: Սրանով արտահայտվում էր պետության եւ օրենքի նկատմամբ նրանց հպատակ լինելը: Ոչ բոլոր հանցագործներն էին, որ գիտակցում էին իրենց քաղաքացիական պարտքի մասին, պարտք, որը մեղքի քավության դրսեւորում էր, ահա թե ինչու հիմնականում Շարժման կողմնակիցները ինտելեկտուալ դասի հանցագործներ էին, ընդ որում՝ նաեւ «օրենքով գողերը»: Երբ կիրառում ենք «օրենքով գողեր» հասկացությունը, չի նշանակում, որ նրանք պատկանում են օրինապահ կալանավորների շարքին: Ավելին, նրանք մերժում են պետական օրենքների բոլոր տեսակները, որովհետեւ առաջնորդվում են մարդ հասկացությամբ:

– Մերուժան, ինչպես քաղճամբարում, այնպես էլ հանցաշխարհում վերադասավորություններ են տեղի ունենում: Որոշ վերադասավորություններ ցավագին արձագանք են ստանում, մասնավորապես, վերջին օրերին բոլոր տիպի հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու, քրեական ենթամշակույթ տարածողներին հնարավոր հետապնդման մասին ակնարկը հետեւանք ունեցավ. «զոն նայողներից» մեկը անցյալ շաբաթ հորդորեց կալանավորներին ապրել «ինքնուրույն», անել այն, ինչ ցանկանում են: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք:

– Այսօր հանցավոր աշխարհն այնպիսի շփոթության մեջ է, որ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է «օրենքվ գող» ասվածը: Հանցաշխարհն ունի չգրված օրենքներ, որոնք այլեւս չեն գործում: Երբ Ձերժինսկին պետականորեն ստեղծեց «օրենքով գող» բառակապակցությունը, այս առիթով ստեղծեց հետեւյալ կարգապահական դասավորությունը: Գողն իրավունք չուներ ընտանիք ունենալ, իրավունք չուներ ուսադիրներ կրելու, բանակում պարտադիր ծառայության գնալու, եւ քաղաքացիական կյանքում «օրենքով գող» ճանաչվելու: Ռուսերեն գրվում էր. «Գողը պետք է միայն իրեն գող հայտարարի, երբ գտնվում է ճաղավանդակի ներսում: Դրանից դուրս նա քաղաքացի է, օգտվում է ընտրական իրավունքից եւ աշխատանքից խուսափելու իրավունք չունի: Այս դեպքում, նա պետք է պարտադիր մասնակցի այն հանցագործություններին, որոնց միջոցով նա հայթայթում է սեփական ապրուստը, դա գողություն կլիներ, թե հանցագործության այլ միջոց»: Այսօր «գող» համարվող անձը նստում է իր տանը եւ իրեն ենթակա երիտասարդների հափշտակած միջոցներով բարելավում իր կյանքը: Այս դեպքում մենք գործ ունենք հանցագործությունից խուսափող եւ իր կոչմանն արժանի մարդու հետ:

– Քաղաքական համախոհությունը միջոց է պաշտոն ստանալու, քրեական աշխարհում էլ «նշանակովի» գող են կարգվում, առանց նստելու: Կա՞ն նշանակովի գողեր:

– Ընդունված խոսք կա բռնության միջավայրում. «հարիֆից գող դուրս կգա, իսկ գողից հարիֆ դուրս չի գա»: Դա նշանակում է, որ գողն այդքան ժամանակ կարող է ազդել իր միջավայրի վրա, քանի դեռ չի հրաժարվում իր երդումը կատարելուց, այն «հարիֆների» կամայականությանն է թողնում՝ գաղութի կամ բանտի ճակատագիրը: Սրանով հնարավորություն է տրվում գաղութի կամ բանտի ղեկավարությանը կամայականորեն վարվել դատապարտյալի նկատմամբ: Ուրեմն, գողը դադարում է իր կոչումը կրելուց:

Նյութի աղբյուրը՝ Aravot.am