«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ:

Երեկ նշյալ կառույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը»: Այդպես էլ եղավ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։

Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համակարգերից չէ և ամբողջապես «յուրային» է թե՛ անձնապես, թե՛ քաղաքականապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: