«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող՝ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան նվերներ, զրուցել ծնողների հետ։

«Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- այցից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մտել է սենյակ՝ փոքրիկը լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»:

«Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը:

Հաճելի է, երբ երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ նախապես տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի ամենասիրելի հերոսը «Սարդ մարդն» է և հատուկ է այդ նվերը բերել։

Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխայի մոտ այս պահին պահպանված է մեկ ոտքի և երկու ձեռքի շարժունությունը, իսկ մյուս ոտքը ֆիքսած է: Փոքրիկի գիտակցությունը պարզ է, կոնտակտի մեջ է մտնում բոլորիս հետ, ինքնուրույն ուտում է, կենսական բոլոր ֆունկցիաները բավարար են»,- ասել է Չոբանյանը և հավելել, որ կոմպլեքս բուժում ստանալուց հետո երեխան չի ունենա ոչ մի առողջական խնդիր:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին»: