Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը:

Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: