Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Տեղեկացնենք, որ այսօր քննվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը: Պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով. որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 5 մլն դրամ գումար։

Դատական նիստին Լ. Բաղդասարյան անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասաց, որ վերջինի մոտ առկա հիվանդությունները կալանքի պայմաններում խորանում են:

Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այսպիսով, ԵԿՄ նախկին նախագահ Մ. Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք՝ Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի և որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։