Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանն այս պահին մարզպետարանում է, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվում է գյուղապետի լիազորությունները դադարեցնելու հարցը:

Նորայր Գրիգորյանի հարցին՝ ինչո՞ւ մարզպետարանի կայքում չի հրապարակվել արձանագրությունը, արդյոք ինչո՞ւ եք կոծկել այդ հանգամանքը, մարզպետն արձագանքեց, որ չի տեղադրվել, որովհետև Նորաշեն համայնքը ոչ մի ավագանու որոշում չի տեղադրել այսքան ժամանակ. «Կայքը չունի ոչ մի որոշում մինչ օրս տեղադրված, այնինչ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքը պետք է նորմալ կայք ունենա»,-ասաց նա:

Ներկաների կողմից մարզպետին հարց ուղղվեց, թե երեք օրվա ընթացքում պետք է արձանագրություն տրամադրվեր համայնքապետին, ինչո՞ւ չի տրամադրվել, գյուղապետն արձագանքեց. «Որովհետև դաշտերի միջի, ծիրանի ծառի տակի խոսակցություն է եղել. հավաքվել են մի 15 հոգով, խոսացել են տղավարի, հետո անունը դրել արձանագրություն: Եթե դուք դա համարում եք արձանագրություն, ինչո՞ւ մարզպետարանի կայքում չեք հրապարակել, ինչո՞ւ օրինակը չեք ուղարկել մեզ: Ավագանու հինգերորդ անդամի փոխարեն էլ կեղծ ստորագրել եք, սկի չգիտեմ ով ա ստորագրել»,- ասաց նա՝ խոստանալով դատախազությունում պարզել դա:

Մարզպետը բորբոքվեց, թե «Դուք իմ աշխատողը չեք, որ ազատեմ կամ չազատեմ. հերիք ա օրենքը սխալ մեկնաբանեք: Օրնենք կա, մենք ոչինչ չենք հորինել»:

Մարզպետարանի աշխատակիցն ընթերցեց Նորաշենի ղեկավարի կողմից թույլ տրված 5 կետից կազմված խախտումները, ինչին վերջինը հակադարձեց՝ չհամաձայնելով ոչ մի կետի հետ:

«Սրա վերջն արյունահեղություն է լինելու»,- վրդովվեց գյուղապետը: Մարզպետն էլ վրա բերեց՝ «թե գյուղապետը սպառնում է արյունահեղություն անել»:

Գարիկ Սարգսյանը նշեց, որ ինքը երբևէ գյուղապետ Նորայր Գրիգորյանինց որևէ ակնկալիք չի ունեցել ընտրությունների ժամանակ, ինչը կարող է փաստերով ապացուցել»:

Հիշեցնենք, որ Արարարտի մարզի Նորաշեն համայնքի գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետի կողմից վերջինի լիազորությունները դադարեցնելու խնդրով:

Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

Քննարկումը շարունակվում է: