Իտալական հարավային Վալո դելլա Լուկանիա քաղաքում չորեքշաբթի լուսաբացին մոլդովացի քաղաքացու բնակարանում հայտնաբերվել է մահացած նորածնի դի, որը գտնվում էր ճամպրուկի մեջ: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են քաղաքի դատախազությունից:

Իրավապահները խուզարկություն են իրականացրել տեղի հիվանդանոցից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, ուր անցած գիշեր շտապօգնության մեքենայով մի կին էր տեղափոխվել՝ ծանր արյունահոսության պատճառով: Բժիշկների համար անմիջապես պարզ է դարձել, որ իրենց օգնությանն է դիմել ծննդկան և այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին:

Երեխայի դին, որը հայտնաբերվել է ճամպրուկի մեջ, իրավապահներն անմիջապես ուղարկել են դիահերձարան, իսկ Վալո դելլա Լուկանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել երեխայի մահվան կապակցությամբ:
«Այս գործի բոլոր հանգամանքները քննելու համար այժմ անհրաժեշտ է նախ պարզել ՝ երեխան ծնվել է մահացա՞ծ, թե՞ կենդանի»,- ասել է լրատվամիջոցին դատախազ Անտոնիո Ռիչին:

Ըստ նրա ՝ այս սարսափելի պատմությունը պետք է դաս լինի բոլոր կանանց, ովքեր պատրաստվում են մայր դառնալ:


«Հղի կանայք, ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է իմանան, որ իտալական պետությունը միշտ պատրաստ է օգնել, եթե հայտնվում են կյանքի ծանր պայմաններում»,- շեշտել է դատախազը: