Սահմանադրագետների եւ իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը եւ կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Դա նշանակում է, որ իմ (եւ ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախեւառաջ սահմանադրականության տեսանկյունից։

Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։

Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանը հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։