Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց անչափահաս Վ. Մ.-ի գործի դատական քննությունը:

Տղային մեղադրանք էր առաջադրվել տուժող Հ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի պահին ամբաստանյալն ու տուժողը հանրակրթական դպրոցի 8-9-րդ դասարանի աշակերտներ են եղել, սովորել են Նոր Նորք վարչական շրջանի տարբեր դպրոցներում:

Գործով անչափահաս վկաների մեծ մասը 2004-2005 թվականներին ծնված պատանիներ էին, առաջին անգամ էին դատարանում գտնվում, այն էլ՝ վկայի կարգավիճակով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Վ. Մ.-ն իմացել է, որ հարևան դպրոցում սովորող իր ընկեր Մ.-ն դասամիջոցին վիճաբանել է նույն դպրոցի աշակերտ Հ.-ի հետ: Վիճաբանության պատճառը, ըստ մեղադրական եզրակացության, եղել է միջանցքում միմյանց «ոչ այնպես» նայելը… Վիճաբանողները պայմանավորվել են դասերից հետո հանդիպել ու «մանրամասն պարզաբանում» կատարել…

Նույն օրը, դասերից հետո՝ ժամը 14.30-ի սահմաններում, Վ.-ն Մ.-ի ու իրենց ընկերախմբի, Հ.-ն՝իր ընկերախմբի հետ գնացել են Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող՝ Նանսենի անվան այգի: Դեռահասական պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ մեղադրանքի՝ Վ.-ն գրպանից հանել է ծալովի դանակը, բացել ու մեկ անգամ հարվածել է Հ.-ի կրծքավանդակի աջակողմյան շրջանին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած, թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է թոքի վնասումով ու աջակողմյան հեմոթորաքսով: Հարվածից հետո Վ.-ն դիմել է փախուստի՝ դեպքի վայրից որոշ հեռավորության վրա դեն նետելով դանակը:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում էր:

Դատական այս նիստը սկսվեց անչափահաս վկաների հարցաքննություններով: Դեռահաս տղաները դատարանի դահլիճ էին մտնում՝ անհանգիստ հայացքները պտտելով դահլիճում, որտեղ ամբաստանյալի տեղում նստած էր իրենց ընկերներից՝ Վ.-ն, իսկ տուժողի տեղում էր նույնպես իրենց ընկերներից՝ Հ.-ն:

Տղաների մեծ մասն արդեն սովորում է այլ դպրոցներում, միմյանց հետ ավելի քիչ են շփվում:

Չորս անչափահաս վկաներից առաջին տղան ներկայումս սովորում է 10-րդ դասարանում: Նա նշեց, թե մինչև դեպքը ամբաստանյալ Վ.-ին չի ճանաչել: Ընկերական հարաբերությունների մեջ է եղել գործով տուժող Հ.-ի հետ: Վկան ասաց, թե դեպքի վայրում ամեն բան անսպասելի է կատարվել, ինքը չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, հանկարծ տեսել է, որ Հ.-ն ընկած է, նրա կրծքին արյան հետք կար:

Վկան նշեց, թե «մինչև վերջ էլ» չի իմացել՝ ինչ վիճաբանություն էր եղել, ինքը գնացել էր պարզաբանման ժամանակ իր ընկեր Հ.-ի կողքին «կանգնելու»: Կոնկրետ ինքը ոչ ոքի չի խփել, որևէ մեկի կողմից հայհոյանք չի լսել, վեճը սկսվել է գոռգոռոցից:

«Ի՞նչ գոռգոռոց էր» հարցին դեռահաս տղան պատասխանեց. «Մուննաթը հայերեն ո՞նց կլինի, մուննաթով խոսելուց սկսվեց…»:

Դատարանը մեղադրող դատախազ Մ. Արամյանի միջնորդությամբ հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել էր, թե դեպքի վայրում իրեն հարվածել են, հետո Վ.-ն ու Հ.-ն սկսել են իրար հարվածել: Հանկարծ Հ.-ն մեջքի վրա ընկել է գետնին ու ձեռքը դրել է կրծքավանդակին, իսկ Վ.-ն հետ-հետ է գնացել: Երկու տղա բարձրացրել են ընկած Հ.-ին, վկան տեսել է Հ.-ի կրծքի արյունը ու գոռացել է. «Ծակեցին…»: Վկան նշել է, թե Հ.-ին դանակով կարող էր հարվածել միայն Վ.-ն, քանի որ տվյալ պահին նրանք էին իրար մոտ, նրանց կողքին ուրիշ տղաներ չկային:

Երկրորդ անչափահաս վկան հենց այն տղան էր, ում հետ դպրոցի միջանցքում վիճել էր տուժող Հ.-ն: Այս տղան նշեց, թե դատական նիստի նախորդ օրն է լրացել 14 տարին: Նա իր պատասխաններում ավելի հանդուգն էր, նայեց նախագահողի դեմքին ու ասաց. «Ցանկություն չունեմ պատասխանելու ձեր հարցերին»:

Քանի որ վկան անչափահաս էր՝ ընդամենը 14 տարեկան, օրենքով պարտադրված չէր նրա ցուցմունք տալը:

Դատարանը հրապարակեց այս վկայի նախաքննական ցուցմունքը, որը վկան ուշադիր լսում էր առաջին շարքում նստած:

Նախաքննության ընթացքում վկան նշել է, թե չի հիշում՝ ինչ պատճառով է դպրոցի միջանցքում վիճել իրենից մի դասարան բարձր սովորող Հ.-ի հետ: Հետո ամեն մեկն իր ընկերախմբով գնացել են այգի՝ խոսելու: Բայց այգում ինքը վատ է զգացել, քանի որ նախօրեին թունավորվել էր: Իրեն թույլ է զգացել, նույնիսկ ընկել է գետնին ու մի պահ հեռացել է տղաներից: Հետո մոտեցել է այն պահին, երբ Հ.-ին արդեն դանակով հարվածել էին:

Նախաքննական իր երկրորդ ցուցմունքում անչափահաս տղան ասել էր, թե Հ.-ն ու ինքը վիճել էին «իրար նայելու» շուրջ: Նա նշել էր, թե չի հիշում, որ որևէ մեկն իրեն վիրավորած կամ «կոլոտ» ասած լինի:

Վկան նշել էր, թե դեպքից հետո ինքը հեռախոսով խոսել է Վ.-ի հետ, նա ասել է, թե ինքն է Հ.-ին դանակով հարվածել…

Վկան դատարանում ասաց, թե նախաքննական ցուցմունքին ավելացնելու բան չունի, ամեն բան ճիշտ է գրված…

Երրորդ անչափահաս վկան ամբաստանյալ Վ.-ի ընկերախմբից էր: Նա նշեց, թե դեպքի վայրում Մ.-ն Հ.-ի հետ «լավ չի խոսել, մուննաթ է եկել», տղաները «իրար բառերից են կպել», երկու կողմի տղաները սկսել են իրար քաշքշել, խփել, խառը վիճակ էր… Երբ իրենք Հ.-ին մի կողմ են քաշել, տեսել են, որ նրա կրծքին արյուն կա…

Չորրորդ անչափահաս վկան տուժող Հ.-ի ընկերախմբից էր: Ըստ նրա ցուցմունքի՝ մոտեցել է այն պահին, երբ մուգ շորերով մի տղա դանակով հարվածել է Հ.-ի կրծքին, ինքը տեսել է հարվածի պահը, բայց հարվածողի դեմքը չի տեսել…

Դատարան ներկայացած անչափահաս վկաների հարցաքննությունից հետո մեղադրող դատախազ Մ. Արամյանը միջնորդեց սահմանափակվել հարցաքննված վկաներով, մնացած անչափահաս վկաներին այլևս դատարան չկանչել ու չհարցաքննել, քանի որ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր դեպքի վերաբերյալ, արդեն հարցաքննված վկաները հայտնել են, մյուսները ավել բան չեն ասելու, բացի այդ՝ անչափահասները դատարանում լարվում ու հուզվում են, ընկնում են սթրեսային վիճակի մեջ: Դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները չեն դրվի ամբաստանյալի մեղադրանքի հիմքում:

Տուժող և պաշտպանական կողմերը չառարկեցին:

Դատարանը կողմերին լսելով՝ բավարարեց մեղադրողի միջնորդությունը, վկաների հարցաքննությունը համարվեց ավարտված:

Կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չունեին:

Դատարանն անցավ դատական վիճաբանություններին:

Մեղադրող դատախազը նշեց, որ գործով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք ի հայտ չի բերվել: Տղան դրական է բնութագրվում, տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել է:

Մեղադրողն ընդգծեց՝ թող կատարվածից դաս քաղեն գործով անցնող բոլոր անչափահասները, այն, ինչ կատարվել է չնչին առիթով, այլևս թող չկրկնվի:

Մեղադրողը միջնորդեց Վ. Մ.-ին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել 4 տարի ազատազրկման, կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը և Վ. Մ.-ին ազատել պատժի կրումից:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մեղադրողի ասածին հավելեց, որ իր պաշտպանյալն արդեն իսկ ուղղվել է, նա հասկացել է՝ ինչ սխալ արարք է կատարել, զղջացել է: Նրա ծնողները նյութապես աջակցել են տուժողին բուժման ընթացքում:

Պաշտպանը միջնորդեց իր անչափահաս պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, ապա Համաներման ակտի կիրառումով նրան ազատել պատժի կրումից:

Ամբաստանյալն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ հայրը, ճառի իրավունքից հրաժարվեցին:

Անչափահաս ամբաստանյալը չցանկացավ նաև վերջին խոսք ասել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:

Վ. Մ.-ն մեղավոր ճանաչվեց տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Վ. Մ.-ն ազատվեց պատժի կրումից: