Օրերս քաղհասարակությունը քննարկում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտությունը:

«Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»,-ասել էր Քոչարյանը:

Այս հարցի առնչությամբ այսօր Ազատություն ռ/կ-ի եթերում նա ասաց. «Անձամբ ես վիրավորանք չեմ հասցրել: Մարդու հոր մահացած լինելը ես պարտավոր չի, որ իմանամ: Ես ընհանրապես ասել եմ, որ պատասխանել եմ տիկին Արփինե Հովհաննիսյանի իմ անունը անհարկի շահարկելուն: Ես ասել եմ, տիկին, դու եղել ես մեր երկրի արդարադատության նախարարը և պայմանական անուններ տալու իրավունք չունես, դու պետք է տաս փաստացի տվյալներ, դրա մասին պետք է խոսես, բայց եթե պայամանական ես տալիս, պայամանական կարող ես ցույց տալ 1991-1998 թվականին, օրինակ, քո մայրիկից կամ անհայտ հայրիկից»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ «անհայտ» ասելով ինքը նկատի է ունեցել հասարակության կողմից անհայտ անձ:

«Նկատի ունեմ հասարակության կողմից չճանաչված մարդու, որի մասին որևէ մեկը, նույնիսկ Արփինե Հովհաննիսյանը որևէ տեղ հիշատակած չկար իր հայրիկի զբաղմունքը, որովհետև ինքը հանրային դեմք չի եղել, ի տարբերություն իր մայրիկի»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս արտահայտությունը վիրավորանք ընկալել են այն մարդիկ, ովքեր ցանկացել են վիրավորանք տեսնել:

«Հիմա դա իրենց պրոբլեմն է: Ես ասում եմ, որ վիրավորանք չէ դա»,-եզրափակեց պատգամավորը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: