«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սկանդալային հարցազրույցը բուռն արձագանքներ առաջացրեց Հայաստանում: Հասարակության ճնշող մեծամասնությունն ամենավերջին հայհոյանքներով «անդրադարձավ» նրա ասածներին, գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանեցին նրան ու կոչ արեցին «այդ տոնով չխոսել գեներալի հետ», իսկ ահա բովանդակային քննարկումներ չեղան: Այսինքն, չտրվեց այն հարցի պատասխանը՝ ճի՞շտ է ասում Վիտալի Բալասանյանը, թե՝ սխալ:

Ո՞րն էր, ի վերջո, Բալասանյանի հիմնական ասելիքը: Նա ասում է, որ «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի մարտական թևն է, «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է», ապա ավելացնում, թե «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:

Հիմա տեսեք. իսկապե՞ս «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի «մարտական թևն» է: Իհարկե՝ ոչ: Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի «մարտական թևը» հանրային աջակցությունն է, պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանինը՝ ուժային կառույցները, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այդ պնդումն ի սկզբանե սխալ է: Անցնենք առաջ: Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ: Աշխարհայացքային և արժեհամակարգային տարբերություններն ակնհայտ են: Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այս պնդումը նույնպես ի սկզբանե սխալ է: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այդ մարդը սխալ «փաստեր» է ներկայացնում, հետո դրանց հիման վրա սխալ եզրակացություններ է անում ու սպառնում է ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի լեգիտիմ իշխանությունների առաջին դեմքին: Այլ կերպ ասած՝ ոտնձգություններ է անում Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվել նման դեպքերում: Եթե առաջնորդվենք իր իսկ տրամաբանությամբ՝ պիտի «ֆիզիկապես ոչնչացնենք» նման ոտնձգություններ անողներին: Սա՞ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարի ուղերձը:

Մի խոսքով, տեղի է ունեցել հետևյալը. ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան /սեփական նախաձեռնությամբ, թե կողմնակի «հուշումների» արդյունքում՝ էական չէ/ ինչ-որ անհեթեթ պնդումների հիման վրա խիստ վտանգավոր հայտարարություններ է անում, որոնց արդյունքում որոշակի լարվածություն է առաջանում Հայաստան-Արցախ հարաբերություններում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գտնվում են մարդիկ, ովքեր նրան սաստելու /հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե հայհոյելու, այլ ընդամենը բացատրելու, որ սխալ բաներ է ասում, և սաստելու/ փոխարեն պաշտպանում են նրան, հիշեցնում նրա անցած մարտական ուղին, հերոսացնում ու հայհոյում բոլոր նրանց, ովքեր դատապարտում են նրա այդ քայլը: Բանն այնտեղ է հասել, որ անգամ Արցախի պաշտոնական շրջանակներից են այդպիսի ձայներ լսվում: Այսինքն ի՞նչ, այնտեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրելը բխում է Արցախի անվտանգության շահերի՞ց:

Բարեբախտաբար՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում գերիշխում է այն տեսակետը, որ հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական /եթե ոչ միակ/ երաշխիքը մեր միասնականությունն է, և դրա խաթարմանն ուղղված ցանկացած քայլ պետք է կանխվի ամենավճռական քայլերով:

Ու բարեբախտաբար՝ այդ տեսակետը կիսում են նաև Հայաստանի /վստահաբար՝ նաև Արցախի/ իշխանությունները: Եվ պատահական չէ, որ կոնկրետ այս հարցով զբաղվում է ԱԱԾ-ն, որովհետև սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է:

Հուսանք՝ կպարզվի, որ գործ ունենք ոչ թե մեր միասնության դեմ լավ կազմակերպված դավադրության, այլ ընդամենը սխալ «փաստերի» հիման վրա կառուցված սխալ եզրակացության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: