«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո հաճախ են առաջ քաշվում նախկիններին անխտիր «պատասխանատվության ենթարկելու», «ունեզրկելու», «գույքը պետականացնելու» և նմանօրինակ այլ գաղափարներ, որոնք գեներացվում են հասարակական կարծիքի ձևավորման մեջ։

Օրերս էլ «Փաստ» թերթին մի ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել. պարզվում է՝ իշխանության շարքերում մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի՝ անհրաժեշտ է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակի հարցը։

Այսինքն, ըստ մեր աղբյուրների, առաջարկվում է նախկին նախագահներին չտրամադրել պետական պահպանությունով վերապահված համապատասխան անվտանգություն, ինչպես նաև պետական միջոցներով սպասարկվող առանձնատուն ու ծառայողական մեքենա, նրանց, ինչպես նաև նախկին դեսպաններին զրկել բոլոր արտոնություններից։

Կամ՝ գոնե սրացից մի քանիսը:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեման միանշանակ չի ընդունվել իշխանական վերնախավի կողմից՝ գոնե այս պահի դրությամբ դա գնահատելով անհեթեթ ու վտանգավոր նախաձեռնություն:

Այդուամենայնիվ, դա չի խանգարել տարբեր «խողովակներով» հանրության շրջանում «սլիվներ» նետել՝ այդ գաղափարի հետ աստիճանաբար մարդկանց «հաշտեցնելու» նպատակով:

Ավելին, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի միջոցով նույնիսկ կոչ էր հնչել «կոչումնազրկել» նախկին երեք նախագահներին: Բուն ձևակերպումն ինքնին իրավաբանորեն պարզապես զավեշտալի է, սակայն իմաստն, ըստ էության այն է, ինչի վերաբերյալ գաղափարը ոմանք փորձում են տարածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: