ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները․ լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց: Այն հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ:

Ճաշկերույթը կազմակերպվել է Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ինքնին հասկանալի է, որ այս հանդիպումը դժվար է բանակցություններ անվանելը, մանավանդ նույն օրվա դրամատաիկ իրադարձությունների համատեքստում, երբ Իլհամ Ալիևն, ըստ էության, վիժեցրել էր երկխոսության որևէ հնարավորություն՝ իր ելույթում անհարկի անդրադառնալով Գարեգին Նժդեհին։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը ստացավ Նիկոլ Փաշինյանի միանգամայն համարժեք ու կոշտ պատասխանը, սակայն Աշխաբադում Փաշինյանի պատասխանը շատ ավելի բազմաշերտ էր, որի միակ հասցեատերն, անշուշտ, Ալիևը չէր։


Պատմության խեղաթյուրումը բնորոշ է, այսպես կոչված, սովետական պրոպագանդային, որի հարազատ ներկայացուցիչներն են թե սովետական ԿԳԲ-ի դպրոցն անցած Վլադիմիր Պուտինը և թե կուսակցական նոմենկլատուրայի ընտանիքում մեծացած Իլհամ Ալիևը։ Պատմության խեղաթյուրման արատավոր մշակույթի հետևանքն է, որ Նժդեհի մասին ռուսական թեզը երեկ օգտագործում էր Ադրբեջանի նախագահը, իսկ գլոբալ հարթության վրա՝ պատմության խեղաթյուրման հիմքով են Մոսկվան ու Բաքուն պարբերաբար դավադիր համաձայնությունների հանգում ԼՂ խնդրում։

Փաշինյանը գերադասեց Ալիևին պատասխանել կոշտ հրապարակային լեզվով, իսկ Պուտինը ստացավ, այսպես կոչված, դիվանագիտական ապտակ՝ Հայաստանի վարչապետից ստանալով ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը։ Կազմիրովը պաշտոնավարել է ելցինյան Ռուսաստանում, որն՝ իր հակասություններով հանդերձ, ավելի մեծ տեղ էր հատկացնում դեմոկրատիային, մարդու իրավունքներին, իսկ ԼՂ խնդրում առաջնությունը տալիս էր տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Թերևս Հայաստանի վարչապետն՝ այս խորհդանշական նվերով, Ռուսաստանի նախագահին ակնարկում էր, թե այսօրվա Ռուսաստանը ինչքան է հեռացել կայունացնող քաղաքականությունից։

Ահա այս ֆոնին դժվար է պատկերացնել, որ Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպումը կարող է կառուցողական որևէ բաղադրիչ ունենալ՝ հատկապես, որ Երևանի կրեատիվ գաղափարներին Բաքուն պատասխանում է հին ու ծեծված արտահայտություններով, ադրբեջանական ու ռուսական քարոզչության ստեղծած կեղծիքներով։ Մյուս կողմից՝ երկու երկրների ղեկավարների ցանկացած կոնտակտ շատ ավելի նախընտրելի է, քան այն վտանգավոր վակուումը որը կարող է առաջանալ հանդիպումների բացակայության համատեքստում։

Նիկոլ Փաշինյանը հրապարակային մակարդակում սկզբունքորեն պաշտպանում է Հայաստանի ազգային-պետական օրակարգը, սակայն՝ դրանով հանդերձ, չի մերծում որևէ նախաձեռնություն, որը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը։ Ալիևը պատմություն խեղաթյուրող ավտորիտար ղեկավար է ու ստանում է արժանի պատասխան, սակայն նրա հետ պետք է զրուցել, բանակցել, համենայն դեպս՝ Փաշինյանն այս պահին Ադրբեջանում այլ զրուցակից չունի։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am