Իռլանդական «Ryanair» ավիաընկերության կայքում արդեն հասանելի են Երեւանից դեպի Միլան, Հռոմ, Բեռլին եւ հետադարձ ուղղություններով չվերթների ավիատոմսերը:

Հրապարակված են նաեւ գները: Ասենք, օրինակ, 2020 թվականի հունվարի 14-ին Երեւանից Միլան մեկնելու եւ 21-ին վերադարձի տոմսերը ընդհանուր առմամբ արժեն 56 եվրո 48 ցենտ: Այս երկու ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում տոմսի արժեքը 28 եվրո 24 ցենտ է:

Կամ օրինակ Երեւան-Հռոմ հետադարձով չվերթի արժեքը հունվարի 14-ին մեկնելու եւ փետրվարի 1-ին վերադառնալու դեպքում 56 եվրո 48 ցենտ է: Մեկ ուղղության տոմսը՝ 28 եվրո 24 ցենտ:

 Բեռլինի տոմսերը համեմատաբար թանկ էին մեր նշած օրերի համար: Ասենք մարտի 31-ին մեկնելու եւ ապրիլի 4-ին վերադառնալու դեպքում մեկ ուղղության տոմսի արժեքը կազմում է 40 եվրո 99 ցենտ: Հետադարձով՝ 81 եվրո 98 ցենտ:

 Հիշեցնենք, որ Եվրոպայի խոշորագույն եւ մատչելի տոմսեր առաջարկող ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից: «Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն: