Ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ: Նա նաեւ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:

Պարզվել էր, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: