Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հունանյանի դիմումի հարցը կորոշվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստի Կառավարության ժամին տեղի էր ունեցել զինված հարձակում։ Սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը, եւս 8 հոգի վիրավորվել էին։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:

Նաիրի Հունանյանը ներկայումս իր պատիժն է կրում ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկում։