Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․

կողմ -83,
դեմ -24,
ձեռնպահ -3։
Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը զուրկ է բարոյականությունից, քանի որ մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։

Երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ մտահոգությունները փարատելու համար իրենք կառավարությանը հնարավորություն կտան սահմանափակել նույն անձի կողմից մեկ այլ քաղաքացու մեքենայի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Սա էլ արդեն հարուցեց իմքայլականների դժգոհությունը։