«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության շտաբի պետ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը, անշուշտ, ինքնին հետաքրքիր է, հատկապես ուժային բլոկի ղեկավար կազմում կարծես թե շարունակվող կադրային վերանայումների շարքում, սակայն Քոչարյանի պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ լույսի ներքո է հայտնվում նրա վերջին հայտարարության ֆոնին:

Հովհաննես Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը համակարծիք չէ ոստիկանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ոստիկանապետի պաշտոնին նաեւ համակարգից դուրս անձի, այսպես ասած՝ քաղաքական անձի նշանակում: Ըստ նրա, ոստիկանությունը դա համարում է քաղաքական ընթացիկ հարցեր լուծելու մոտեցում, իսկ ոստիկանությունն ունի իր մոտեցումը, որն առավել հեռանկարային հարցերի է վերաբերում:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, ընդ որում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակությամբ, որով հնարավորություն է տրվում ԱԱԾ եւ ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած անձանց, որոնք կարող են կապ չունենալ համակարգի հետ: ԱԱԾ վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ պարզ չէ, իսկ ահա ոստիկանության համակարծիք չլինելու մասին հայտարարած փոխոստիկանապետը, փաստորեն, հաջորդ օրը ազատվում է պաշտոնից:

Դա նշանակում է վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր, եւ նախապես արված հայտարարությամբ պարզապես ինտրիգ է հաղորդել իր հեռանալուն: Մի բան ակնառու է, որ իրավապահ համակարգը շարունակում է լինել վերանայումների փուլում, եւ գործնականում հնարավոր է արձանագրել այդ բլոկի ղեկավար կազմում փոփոխությունների «թավշյա» գործընթաց:

Ինչ խնդիրներ են լուծվում եւ ինչպիսի աստիճանի է փոխկապակցվածությունը, բավականին բարդ է գնահատել, եթե, իհարկե, չենք դիտարկում ընդունված կամ տարածված «հակահեղափոխությունը խեղդելու» վարկածի տրամաբանության մեջ: Խոշոր հաշվով, իրավապահ կամ ուժային այդ բլոկի խնդիրը աներկբայորեն պետք է առաջնային նշանակություն ստանար հետհեղափոխական օրակարգում, հաշվի առնելով այն, որ այստեղ, իհարկե, իշխանությունը հեղափոխությունից հետո էլ մի շարք օբյեկտիվ պատճառներով առաջ է շարժվել իրավիճակային լուծումներով, մինչդեռ համակարգային առումով խոսքը հիմնարար նշանակության կառույցների մասին է:

Առայժմ, սակայն, քիչ տեսանելի է, թե համակարգային լուծումներն ինչպիսին են, եւ խորքային առումով ռազմավարական ինչ պատկեր է ուրվագծում նոր իշխանությունն ուժային բլոկի առումով, որովհետեւ թյուր է տպավորությունը, թե այս համակարգերում առանցքային հարցերը կապված են ղեկավարների ցենզի կամ խորհրդարանի առաջ դրանց հաշվետվողականության հետ: Այդ ամենը լոկ փաթեթն է այն բարդագույն շերտերի, որ հատկապես նախորդ համակարգից եկող մտածողության ու հոգեբանության պայմաններում առկա է իրավապահ-ուժային համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում