Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո բացահայտել են զորավար Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառները: Այդ մասին գրել է հունական Greek Reporter հրատարակչությունը: Մանրակրկիտ ուսումնասիրվել են Մակեդոնացու կյանքի ու հատկապես վերջին շրջանի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը, նրա առողջական վիճակի, կենսակերպի, սննդակարգի և հիվանդությունների վերաբերյալ նկարագրությունները: Ի վերջո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ Մակեդոնացին մահացել է արյան վարակումից, որը սկսվել է նրա մոտ սուր պանկրեոնեկրոզից, ինչն էլ իր հերթին եղել է լեղաքարային հիվանդության հետևանք: Մակեդոնացու առողջական վիճակի վատթարացմանը նպաստել է նաև ծանր կերակուրն ու ալկոհոլը: