Ինչպես հայտնի է, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախօրեին հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա որոշ դրվագներ է պատմել դատապարտյալի հետ իր ունեցած հանդիպումից, նշել, որ ստացել է իր հարցերի պատասխանները:

Հարցին, թե արդյոք ադեկվատ վիճակում է գտնվել Հունանյանը, պատգամավորը դրական պատասխան է տվել, հակառակ դեպքում երկու ժամ չէր կարող զրուցել նրա հետ:

«Մերթ ընդ մերթ մթագնումներ կային, բայց ասեմ, որ շատ արթուն վիճակում է, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ դրսևորումներ է ունենում, դեղեր է ընդունում»,- պատմել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Բաբաջանյանը հայտնել է նաև, որ թեև ինքը ուսումնասիրել է «Հոկտեմբերի 27-ի» գործով հատորները, սակայն իրենց զրույցում եղել են իր համար նորություններ, որոնց մասին չի կարող խոսել: Այնուամենայնիվ, իրենց զրույցում եղել են փաստական հանգամանքներ, որոնք, ըստ նրա, գործի վերաբացման հիմք կարող են դառնալ:

«Նոր հանգամանքներ կան առանց Նաիրի Հունանյանի էլ: Մեղրիի վերաբերյալ շրջանառվող ապացույցները լիուլի են, որ ձեռնամուխ լինենք այսպիսի գործի վերաբացման համար, բայց այն անունները, որոնք զրույցի ընթացքում փոխանցեց Նաիրի Հունանյանը, նրանք այսօր էլ գործող անձինք են քաղաքական դաշտի հակառակ բևեռներում, և պիտի ասեմ, որ Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր սկսվում է քննվել դատարանում, Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են, և եթե իսկապես ուսումնասիրվեն Նաիրի Հունանյանի` ինձ փոխանցված տեղեկությունների խորքը և արժեքավոր դիտվեն քննության համար, երանի կտան մեղավորները, որ Մարտի 1-ով վերջանա ամեն ինչ, ուստի պիտի ուսումնասիրվեն այս հանգամանքները: Եվ պատահական չի տալիս որոշ անունները ու պատահական չէ, որ հակահեղափոխական շրջանակներում են, պատահական չէ նաև գրառում անելուց հետո հարձակման պատճառը, հասկանում են, որ կարող էր փոխանցել անուններ, որոնք նոր հանգամանք կարող են նշանակել գործի համար»,- մասնավորապես ասել է Բաբաջանյանը: