«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը: Դավադիր գնդակի զոհ դարձան 8 պետական գործիչներ` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2 տասնամյակ է հանրությանը պարզ չի դառնում՝ ովքեր էին այդ սպանդի հեղինակները, ոճրագործության իրական կազմակերպիչները: Մինչև օրս պնդումներն են, թե պատվիարտուներ չկան, հանցագործներն իրենք էլ հենց այդպես են մեկնաբանել: Բայց, անշուշտ, անարժանահավատ, պարզունակ մեկնաբանություն է: Ահաբեկչական խումբը մուտք էր գործել երկրի ամենախիստ կերպով հսկվող պետական տարածքներից մեկը՝ զինված, հասնելով մինչև խորհրդարանի նիստերի դահլիճ, ոճիրը մինչև վերջ հասցնելով, հագուրդ տալով հրեշավոր մտքի փայլատակմանը` գնդակահարված սպարապետի գլխին զենքի խզակոթով հարվածելով: Ողբերգությունից երկու տասնամյակ անց փաստ է, որ այս գործով վկաներից 10-ը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին Հոկտեմբերի 27-ի մասին, այսօր չկան: Պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին Աժ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր: Գործով կարևորագույն վկա՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին հենց իր տան շքամուտքում:

Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում… Կիմացվի՞ երբևէ` ով էր այս ոճիրի պատվիրատուն:

Անցած տարի` հոկտեմբերի 27-ին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝ այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ»:

Հիմա թերևս կան. նոր իրավիճակ է: Հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Գուցե ազատության դիմաց ասելի՞ք ունենա, որը կարող է դառնալ նոր երևան եկած հանգամանք, հետևաբար նաև քրգործի քննության նոր հիմք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: