ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքն անչափահասի նկատմամբ կատարելու համար:

2019թ. մայիսին, Արագածոտնի մարզի բնակչուհին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի 1970թ. ծնված կինը, աշխատանքով ապահովելու պատրվակով, իրեն և երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է իր տուն, ապա կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ:

Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա կինը՝ 2018-ի օգոստոսին տեղեկանալով, երեք փոքրահասակ երեխաների հետ անօթևան վիճակում հայտնված կնոջ կողմից բնակության վայր փնտրելու հանգամանքի մասին, օգտագործելով նրա վիճակի խոցելիությունը, շահագործման դիտավորությամբ հավաքագրելու նպատակով վերջինիս ու նրա երեխաներին բնակեցրել է իր տանը, ապա նրա ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով տիրացել է անձնագրին ու երեխաների փաստաթղթերին, որից հետո տանից դուրս հանելու սպառնալիքներ տալու, ինչպես նաև նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու միջոցով, մինչև 2018թ. դեկտեմբերի կեսերը հարկադրել է գրեթե ամեն օր ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներում սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշած տարբեր տղամարդկանց հետ, վերջիններիցս անձամբ ստանալով գումարները՝ տնօրինել է դրանք:

Բացի այդ, նույն անձը 2018-ի սեպտեմբերին, տեղեկանալով ծնողի հսկողությունից դուրս մնացած 16 տարին լրացած աղջկա կողմից աշխատանք փնտրելու ցանկության մասին, գայթակղելով մոլորության մեջ է գցել վերջինիս և մինչև 2019-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, կազմակերպելով հանդիպումներ տարբեր տղամարդկանց հետ, պոռնկության շահագործման է ենթարկել աղջկան և ինքնուրույն տնօրինել սեռական ծառայության դիմաց վճարված գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 132.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: