Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտաում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Վահան Էվինյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Համբարձումյանի և դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և քննիչ Վարդան Սարգսյանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 20-ամյա Մելքոն Մ.-ն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթը կատարած ավտոմեքենան եղել է սև գույնի, արտասահմանյան մակնիշի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում էին վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին, դեպքի վայր ժամանած օպերատիվ- քննչաան խմբին է մոտեցել Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Բաբկեն Ս.-ն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW մակնիշի 17 ՏՏ 286 համարանիշի ավտոմեքենայով: Օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերել է դեպքի վայրից քիչ հեռու և քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։