Հոկտեմբերի 29-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում մահացած հայտնաբերված հայրն ու կախվելու միջոցով ինքնասպան եղած որդին միասին են ապրել: 80-ամյա Ալբերտն ու 46-ամյա Կարենն արդեն 4 տարի է՝ մենակ էին բնակվում, ընտանիքի մայրը 2015-ին է մահացել: Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, ենթադրում են, որ Կարենն ինքնասպան է եղել հորը մահացած տեսնելու պատճառով: Տղան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, նաեւ գրանցված է եղել Հոգեկան առողջության կենտրոնում: «Ճիշտ է, էդպիսի խնդիրներ ուներ, բայց շատ հանգիստ էր, երբեք ագրեսիվ չի եղել, կիրթ, դաստիարակված տղա էր, ու էս վերջերս էլ շատ լավ էր զգում: Ինքն էր հորը խնամում, շատ հոգատար ու ազնիվ մարդ էր: Էդ հիվանդությունն ընկավ մեջը, էլ չամուսնացավ, մերն էլ մահացավ, մնաց ըդպես»,-պատմեց Իկիլիկյանը:

Թե երբ է մահացել 80-ամյա Ալբերտը, համայնքապետը չգիտի: Ասաց, հավանաբար երեկ երեկոյան, կամ գիշերը: Կարենին հարեւանները վերջին անգամ տեսել են երեկ 22:30-ի սահմաններում՝ տուն մտնելիս: Այսօր արդեն, երբ տեւական ժամանակ շարժ չեն նկատել, անհանգստացել, զանգել համայնքապետին: «Երբ ոստիկաններն էլ եկան ու 9-11-ից, լուսամուտից հորը տեսանք, որ անշարժ պառկած էր, բայց Կարենը չէր երեւում: Բացեցինք լուսամուտից, մտավ փրկարարը, լոգարանում անկյունի վրա կախված գտանք իրեն: Հիմա, ներս է մտել, տեսել է հերը մահացած է, թե չէ, չիդենք, կամ տեսել է, հերը քնած է, ինքն էլ է գնացել, քնել, առավոտ է տեսել, էլ պարզ չէ: Որովհետեւ առավոտյան ախպերները զանգել են, ինքը խոսել է, հարցրել են պապան ոնց է, ասել է լավ է վիճակը: Հմի թե տեսել է, էդ ընթացքում ազդված է եղել, ինքն իրա գլխի ճարը տեսել է, թե իրականում չի իմացել, հետո, հեռախոսը կախելուց հետո է իմացել, ու էդ քայլին է դիմել, հաստատ չեմ կարող ասել»,-ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:


Կարենը նաեւ մեկ քույր եւ երկու եղբայր ուներ: Քույրն ամուսանցած է, ապրում է Վրաստանի հանրապետությունում, եղբայրներն էլ նախկին զինվորականներ են, ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Մայրը մանկավարժ է եղել, հայրը նախկինում, ըստ համայնքապետի, երկաթգծի կուսքարտուղարն է եղել:

Ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Կարենի եղբայրները մշտապես օգնել են նրանց: Հողամաս էլ են ունեցել, որը վերջին տարիներին վարձակալության են տրամադրել:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու համար: «Երբ որ կստանանք փորձաքննությունների եզրակացությունները, դրանից հետո նոր կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը»,-ասաց ՇՄ դատախազը:

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com