«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 2-ին 1in.am-ի եթերում (40:25—41:20) հայտարարել էր, որ մայրաքաղաքում կա փոսի վերածված այգի, որը սեփականաշնորհված է նախկին թաղապետի դստեր անունով։

«Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես մեծ այգի է, որը փոսի է վերածվել»,- նշել էր Մարությանը՝ հավելելով, որ այդ տարածքը գլխավոր հատակագծով այգի է եղել, սակայն անհասկանալի պատճառներով օտարվել է։

«Օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ էտ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով»,- հավելել էր Մարությանը (11:21:20)։ Մարությանը հարցազրույցում նշել է, որ նա կանգնեցրել է գործընթացը, և գործն ուղարկվել է դատախազություն։

Ով և ինչպես է տիրացել այգուն

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ տարածքը, որի մասին նշում է քաղաքապետը, գտնվում է Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փող. 40 հասցեում։ Այն պատկանում է Դավթաշենի 1996-99 թվականների թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։ Թեև Ռուբեն Գևորգյանը հանրայնորեն հայտարարել է, որ այգին պատկանում է իրեն։

Ո՞վ է Ռուբեն Գևորգյանը

Ռուբեն Գևորգյանը Դավթաշենի թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 1996 թ. հոկտեմբերի 11-ից մինչ 1999 թ. մայիսի 8-ը։ Նա 1999-ից 2003-ը եղել է ԱԺ պատգամավոր՝ ընտրվելով թիվ 7 ընտրատարածքից։ Մինչ 2000 թ. մայիսը Գևորգյանը եղել է Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված «Միասնություն» խմբակցության անդամ, իսկ հետո «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։

Հետագայում Գևորգյանն անդամակցել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և 2009-ին պատգամավոր է դարձել ԲՀԿ ցուցակով։ 2012-ին Գևորգյանը կրկին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ համամասնական ցուցակով։ Նա ԲՀԿ-ից հեռացել է 2017-ին։ Ռուբեն Գևորգյանի հարազատները գրեթե միշտ պաշտոններ են զբաղեցրել Դավթաշենի համայնքապետարանում։ 2008-2012 թվականներին Դավթաշենի թաղապետ է եղել նրա եղբորորդին՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-2018-ին՝ քրոջորդին՝ Ռուսլան Բաղդասարյանը։

Ինչպե՞ս է այգին սեփականաշնորհվել

Հողատարածքի կադաստրային պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Արմենուհի Գևորգյանը 1997-ին, երբ իր հայրը հանդիսանում էր Դավթաշենի թաղապետը, այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Դավթաշենի տոնավաճառի հարևանությամբ գտնվող այգում առանց թույլտվության 577.5 քմ ընդհանուր մակերեսով հանգստի համալիր է կառուցել։ Այդ համալիրի մեջ կային մանկական խաղասրահ (342 քմ), թռչունների ցուցասրահ (72 քմ), աշխատասենյակ (40.5 քմ) և պահեստ (123 քմ)։

Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի՝ 1998-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանը ճանաչել էր Գևորգյանի սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի նկատմամբ և զբաղեցրած հողատարածքը նրան վարձակալության էր տվել։ Ինքնակամ շինությունների օրինականացման համար Գևորգյանը վճարել էր 577,770 դրամ։ 1999-ին Գևորգյանն արդեն վարձակալել է ամբողջ այգին՝ 6452.68 քմ՝ 15 տարի ժամկետով։

Կնքված պայմանագրի համաձայն՝ վարձակալին տրվել էր այգում կապիտալ շինարարություն անելու իրավունք, իսկ տարեկան վարձավճարը սահմանվել ընդամենը 262,194 դրամ (ամսական 21,850 դրամ)։

Վարձակալության պայմանագիրը կնքելուց մեկ շաբաթ անց Գևորգյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ այգին սեփականաշնորհելու համար։ Քաղաքապետարանը դիմումը բավարարել էր 2000-ին. 6452.68 քմ հողատարածքը և 499 քմ ընդհանուր մակերեսով շինությունները դարձել էին Գևորգյանի սեփականությունը։

Հատկանշական է, որ 2000 թվականին չափագրումների փաստաթղթերում նշված է, որ տարածքը իրենից «հասարակական այգի» է ներկայացնում, սակայն 2002 թ. օգոստոսին Կադաստրի Դավթաշենի ստորաբաժանման ղեկավարին ուղղված նամակում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տեղակալ Բորիս Քոչարյանը գրել է, որ հողամասը՝ «ըստ թաղամասի մանրամասն հատակագծային նախագծի, հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում»։ 2001-ին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, այգիները և այլն։

Գևորգյանին պատկանող հողատարածքն ընդլայնվել է 2006-ին և 2014-ին, երբ քաղաքապետարանը նրան էր օտարել 850 և 535 քմ հողատարածքներ՝ համապատասխանաբար 3.845 և 2.4 մլն դրամով։

2017-ի նոյեմբերին 7,449.17 քմ զբաղեցնող հողատարածքն Արմենուհի Գևորգյանը փոխանցել է «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ին: Այս ընկերության բաժնետերն են հենց ինքը՝ Արմենուհի Գևորգյանը, և նրա եղբայրը՝ Պետրոս Ռուբենի Գևորգյանը։ «Ֆեմիդա գրուպը» նախատեսում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել նախկին կանաչապատ տարածքի փոխարեն։

«Հետքը» գրել էր, որ «Դեյզի» անունով հայտնի այս այգին Ռուբեն Գևորգյանը 2011-ին վաճառքի էր հանել։ Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված Դավթաշեն համայնքի գոտիավորման նախագծում այս այգու տարածքը նշված են որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ (ՀԿ) տարածք։

Լրատվականները գրել էին, որ 2013-ին տարածքում 100-ից ավել ծառ էր հատվել, իսկ մնացած ծառերը հատվել էին 2017-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուբեն Գևորգյանը հայտարարել էր, որ դա իր սեփական տարածքն է: «Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկեցնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասել էր Գևորգյանը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ ոստիկանությունը որևէ գործ չի հարուցել, քանի որ «եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: