Ներքաղաքական զարգացումների hորձանուտում երրորդական-չորրորդական պլան մղվեց չափազանց ուշագրավ իրադարձության մասին մի տեղեկություն, որը, սակայն, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի բանկային համակարգի և տնտեսության ներդրումային գրավչության վրա ընդհանրապես։ Խոսքը տխրահռչակ Գևորգ Աֆանդյանի՝ IDbank-ի դեմ դատական գործընթացի մասին է, որն, իր բնույթով, աննախադեպ է և ուղղակի խայտառակ։

Նախ՝ Աֆանդյանի մասին։ Սույն գործարարը բիզնես աշխարհում և, մասնավորապես բանկային շրջանակներում առավելապես հայտնի է որպես «սնանկացման արքա»։ Բազմաթիվ են դեպքերը (և մենք դրանց դեռ կանդրադառնանք), երբ Աֆանդյանին պատկանող ընկերությունները հիմնադրվել են, մեծ վարկեր վերցրել բանկերից, այնուհետև «բարեհաջող» կերպով սնանկացել։ Բիզնես այս մոդելի կիրառման հետևանքով Աֆանդյանը հայկական բանկերին մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս է հասցրել։ Բնականաբար՝ այդ ամենն անել ուղղակի անհնար կլիներ, եթե չլինեին Աֆանդյանի սերտ կապերը նախկին՝ կոռուպցիան որպես աշխատելաոճ ընտրած իշխանական որոշակի շրջանակների հետ։

Օրինակ՝ շատերն են պնդում, որ Աֆանդյանի ամենամտերիմ ընկերներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Սաշիկ Սարգսյանը, որի անմիջական հովանավորությամբ էլ, ամենայն հավանականությամբ, հաջողվել է իրականացնել գործարարի բազմամիլիոնանոց մեքենայությունները։ Մյուս «հարազատը» ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է, որի և Աֆանդյանի կապերին և դրա ֆանտաստիկ դրսևորումներին դեռ կանդրադառնանք։ Հատկանշանակ է, որ Աֆանդյանը սերտ կապեր ունի նաև դատական և իրավապահ համակարգում՝ դատավորներ, դատախազներ, որոնց մի մասի հետ բարեկամական կապեր ունի և որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել Աֆանդյանին առնչվող դատական գործընթացներում, բնականաբար, միշտ կայացնելով այն որոշումը, որը բխել է «սնանկացման արքա»-ի շահերից։ Բայց գործը, որը հիմա է շրջանառվում, ուղղակի խայտառակ է իր բնույթով։


Բանն այն է, որ Աֆանդյանին պատկանող բազմաթիվ բիզնեսներից մեկը եղել է «Արզնի» հանքային ջրերի գործարանը։ Ի դեպ, գործարանի տարածքն Աֆանդյանը ժամանակին ձեռք է բերել ընդամենը 30.000 դոլարով։ Սա կարևոր թիվ է՝ հետագա զարգացումներն ամբողջ խորությամբ ընկալելու համար։ Գործարարը, հանքային ջրերի գործարանի գույքը գրավ դնելով, 2010 թվականին վարկ է վերցնում նախկին «Անելիք» բանկից։ Եվ ահա, արդեն վաղուց հմտացած սխեմայով, Աֆանդյանը, որոշ ժամանակ անց, հայտարարում է, որ չի կարողանում վերադարձնել վարկը, քանի որ գործարանը լավ չի աշխատում, ուր որ է սնանկանում է և այլն։

Բանկը, բնականաբար, իրեն է վերցնում գրավ դրված 3 գույքը, ներառյալ՝ խնդրո առարկա հանդիսացողը՝ շուրջ 4.5 միլիոն դոլարի դիմաց։ Հիշեցնենք, որ դա այն գույքն է, որն Աֆանդյանը ժամանակին ձեռք էր բերել ընդամենը 30.000 դոլարով, հետագայում իհարկե մի քանի հոսքագիծ ավելացնելով։ Հենց այս կետից սկսվում է հայկական բանկային համակարգի համար աննախադեպ խայտառակ զարգացումը։ Աֆանդյանը պայմանավորվում է բանկի այդ ժամանակվա ղեկավարության հետ, որ 2 տարվա ընթացքում բանկը չի կարող օտարել «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը՝ գնելու առաջնահերթությունը չտալով Աֆանդյանին։

Պարզ ասած՝ եթե Աֆանդյանը կարողանա այդ ընթացքում վարկը փակելու գումար գտնել, ապա կանի դա, և գործարանի գույքը կվերադարձվի իրեն։ Բանկն ու Աֆանդյանը պայմանավորվում են, որ եթե բանկը խախտի այդ պայմանավորվածությունը, ապա Աֆանդյանին պետք է վճարի, ուշադություն՝ 22 միլիոն դոլար։ Այսինքն՝ մեկին՝ հինգ հարաբերակցությամբ գումար։ Երեք գույքը միասին՝ բանկը վերցրել էր 4.5 միլիոն դոլարի դիմաց, բայց, չգիտես ինչ հրաշքով և ինչու, պետք է միայն 1 գույքի դիմաց վերադարձներ 22 միլիոն դոլար։ Սա ուղղակի չլսված բանաձև է՝ միգուցե անգամ համաշխարհային բանկային պրակտիկայում։

Բանկերն, ինչպես գիտենք, չափազանց զգայուն և զգուշավոր են գումարային հարցերում և միշտ ձգտում են ստանալ ավելին, բայց ոչ երբեք՝ գնալ գործարքների, որոնք ակնհայտորեն իրենց շահերից չեն բխում։ Հետևաբար՝ 4.5 միլիոն դոլարանոց գույքի դիմաց 22 միլիոն դոլար վերադարձնելու պայմանն այլ կերպ, քան ֆանտաստիկայի ժանրից՝ հնարավոր չէ ձևակերպել։ Բայց բանկը, չգիտես ինչու, գնացել է այդ քայլին։ Պատճառներն այլ քննարկման առարկա են և անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք դրանում իր մասնակցությունն են ունեցել Աֆանդյանի ամենակարող հովանավորները, թե՞ բանկի նախկին ղեկավարներից ոմանք են կոռուպցիոն պայմանավորվածության եկել Աֆանդյանի հետ։ Ժամանակը ցույց կտա։

Ինչևէ, որոշ ժամանակ անց բանկի բաժնետերերը հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, և արդեն իրենցը համարվող «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքի հարցը վերջնական կարգավորելու համար նոր լուծում են առաջարկում Գևորգ Աֆանդյանին։ Ըստ այդմ՝ գործարանը կառավարելու համար ստեղծում են նոր ընկերություն, որի բաժնետոմսերի 33 տոկոսը, բնականաբար՝ Աֆանդյանի համաձայնությամբ, տալիս են նրա որդուն՝ Վահե Աֆանդյանին։ Ի դեպ, Աֆանդյաններն այդ 33 տոկոսի համար ոչ մի դրամ չեն վճարում։Առաջին հայացքից՝ երկու կողմին էլ՝ և՛ բանկին, և՛ Գևորգ Աֆանդյանին ձեռնտու որոշում է կայացվում։


Այս ընթացքում՝ 2016 թվականին, «Անելիք» բանկը վերակազմավորվում է, փոխվում են հիմնական բաժնետերերը, և այն վերածվում է IDbank-ի։ Մեկ տարի շարունակ գործարանն իր որդու անմիջական մասնակցությամբ աշխատեցնելուց հետո Աֆանդյանը հասկանում է, որ որևէ կերպ չի կարողանալու մարել իր կուտակած այլ պարտքերը՝ որոնք հասնում են 13 միլիոն դոլարի, և դիմում է դատարան, հայտարարելով, թե IDbank-ը խախտել է իրենց նախկին պայման թե IDbank-ը խախտել է իրենց նախկին պայմանավորվածությունը և պետք է իրեն 22 միլիոն դոլար տուգանք վճարի։

Ավելի պարզ՝ գործարարը փորձում է «քցել» բանկին՝ հիմք ընդունելով նախկին՝ 4.5 միլիոն դոլարի գույքը 22 միլիոնով փոխհատուցելու խայտառակ և պարզաբանման ենթակա համաձայնությունը, մոռացության տալով այն, որ դրանից հետո իր և բանկի միջև կայացվել էր այլ համաձայնություն, ըստ որի՝ գործարանի բաժնետոմսերի 33 տոկոսը հանձնվում էր իր հարազատ որդուն։

Բայց սա էլ վերջը չէ. առաջին ատյանի դատարանը, էլի՝ ֆանտաստիկ կերպով, ուղղակի հաշվի չառնելով բազմաթիվ ակնհայտ փաստեր, 2-րդ անգամ Աֆանդյանի շահերից բխող որոշում է կայացնում։

Դատական գործը Կոտայքի մարզից Երևան տաղափոխումը նույնիսկ չի ապահովում գործի անաչառ ու օբյեկտիվ քննություն։ Դատավորը, բնականաբար, Աֆանդյանի մտերիմների լայն շրջանակից է։ Բանկը վիճարկել է որոշումը։ Հայտարարությամբ է հանդես եկել Բանկերի միությունը, ահազանգելով այս ամբողջ խայտառակ պրոցեսի՝ բանկային համակարգի համար խիստ անցանկալի հետևանքների մասին։

Այս պատմության մասին տեղեկացվել է նաև երկրի վարչապետը։ Փորձագետները պնդում են, որ այս դատական գործընթացը ոչ միայն պետք է անհապաղ մերժվի, այլև իրավապահ մարմինները պարտավոր են լրջորեն զբաղվել Աֆանդյանի ֆինանսական գործունեությամբ և հայկական բանկային համակարգին պատճառած տասնյակ միլիոնավոր դոլարների վնասի փաստերով, նրա հանցավոր կապերով և դրանց ազդեցությամբ դատական համակարգի վրա։

Հակառակ պարագայում դա կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել ոչ միայն առանձին վերցրած բանկի, այլև ողջ բանկային համակարգի հեղինակությանն ու ընդհանրապես՝ Հայաստանի տնտեսական իմիջին։

Ի վերջո՝ ի՞նչ պետք է մտածի օտար ներդրողը, տեղեկանալով, որ Հայաստանում որևէ գործարար, որը վաղուց արդեն հայտնի է իր ֆինանսական մեքենայություններով, կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարով «քցել» բանկային համակարգին և անպատիժ մնալ։

Եվ պատահական չէ, որ այս դատաքննությունը շատերը համարում են լակմուսի թուղթ՝ հեղափոխության հայտարարած արժեքների իրական լինելու համար։

 Նյութի  աղբյուրը՝ 1in.am