Մոսկվայի 19-ամյա բնակչուհուն նետել են 7-րդ հարկից: Վիկտորյային հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում Մոսկվայի Դինամո շրջանի բնակելի շենքերից մեկի մոտ:

Վիկտորյայի հարևանները պատմել են, որ միջադեպից առաջ լսել են աղջկա ձայնը: Նա օգնություն է կանչել և փորձել է հանգստացնել ընկերոջը` Վադիմին: Իսկ հետո հարևանները լսել են, թե ինչպես է Վիկտորիան վայր ընկնում 7-րդ հարկից: Մինչդեռ աղջկա ընկերն ասել է, թե ինքն այդ ժամանակ եղել է հարևան սենյակում և ոչինչ չի լսել: Վադիմն ասել է, որ ինքը անմեղ է:

Իրավապահները կպարզեն ճշմարտությունը, երբ Վիկտորյան գիտակցության գա: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ծայրահեղ ծանր վիճակում է:

Այս միջադեպը լուսաբանող ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Վիկտորյան պարփակված կյանքով է ապրում: Նա սոցիալական ցանցում ընդամենը չորս ընկեր ունի, շատ լուսանկարներում էլ փակել է դեմքը: Իր գրառումներում Վիկտորյան հաճախակի անդրադարձել է չստացված սիրուն և կյանքին: