«Իմացեք մի բան հաստատ, որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք», – նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերում է բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը, սակայն, ինքը՝ նախարարը, այդ մեղադրանքները չի ընդունում:

«Բողոքել են, որ նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: 9 աշխատակցի մասին է խոսքը, ովքեր հեռացվել են և ստորագրել են բողոքի տակ: 6500 հոգանոց կոլեկտիվում 9 հոգի է ստորագրել՝ իբր կան խախտումենր: Պաշտպանական բնազդն է խոսել, նրանք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, պետք է դուրս գային, քանի որ արդյունավետ չեն աշխատել, իսկ ծառայության տնօրենն աշխատանքի մեջ թերացել է: Մի քանի պատճառներ են եղել: Ամառվա լուրջ հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, դա հիմնական պատճառներից մեկն է, նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել: Ուրիշ բաներ էլ են եղել, բայց մանրամասները չեմ կարող ասել», – ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Դիտարկմանը, որ նախարարը յուրայիններին է աշխատանքի տեղավորում, Ցոլակյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե յուրային ասելով՝ ինչ են հասկանում շատերը: Համակարգում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին, բայց ոչ բարեկամներին:

«Ասել եմ՝ բարեկամ, հարազատ չունեմ այդ կառույցում: Դիմում են հորեղբոր, քեռու տղաներ, բայց չեմ ընդունել նրանց: Ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո բավականին մեծ փոփոխություն է կատարվել համակարգում, նրանց աշխատանքն այսօր էլ գնահատում եմ շատ բարձր», – ընդգծեց նախարարը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք նա հավակնում է ԱԱԾ պետի պաշտոնին, Ցոլակյանը բացասական պատասխան տվեց:

«Չգիտեմ ո՞վ է նստում, մատին նայում, նման բաներ ասում: Դա ես չեմ»: