Երևանի Էրեբունի օդանավակայանում այսօր՝ նոյեմբերի 4-ին բռնկված հրդեհը մոտ երկու ժամ անց մարվել է։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Արայիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ հրդեհը բռնկվել է քաղաքացիական ավիացիային պատկանող պահեստում, այրվել է դրանում եղած գույքը՝ անվադողեր, ինքնաթիռի շարժիչ, 1300 քառ. մ տանիք։

Հիշեցնենք, որ հրդեհի մասին ահազանգը նախարարությունը ստացել էր ժամը 14:33-ին։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27: