«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի միջադեպի գործը նյութերի նախապատրաստման փուլում ուղարկվել է ՀՔԾ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները և ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Արթուր Ավագյանն է եղել, որը ոստիկանություն ներկայանալով՝ ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել:

«Ժողովուրդ» օրաթերթի լուրերով՝ իրավապահներն իրազեկում են ուղարկել ԲԴԽ, որպեսզի ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին ևս ներգրավեն քննության մեջ, եթե քրեական գործ հարուցվի Կոտայքի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, ճշտել էր, որ Ա. Ավագյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էլ դատավոր Ավագյանի քավորն է:

Ավագյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց՝ ԲԴԽ-ի հորդորին հետևելով՝ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: