Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվաում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-հարավ կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի, նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի դին, ով մասամբ դուրս էր ընկել ավտոմեքենայի տանիքից (լուկից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ասոյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի վարչության պետ Սամվել Սիմոնյանը, ովքեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դեպքի վայրից մեկնել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com