Ներքաղաքական իրադարձությունների բուռն զարգացման համատեքստում անշուշտ հասկանալի է, որ ուշադրությունից դուրս էր մնալու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի այցը Հայաստան, առավել ևս, որ Հունաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, և նախագահը առաջնային քաղաքական պաշտոնյա և դեմք չէ: Այդուհանդերձ, Հունաստանի նախագահի հայաստանյան այցը, որ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, հնարավոր է դիտարկել արդեն շատ ավելի կարևոր քաղաքական իրադարձության՝ հունվարին Երևանում տեղի ունենալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի առաջին վեհաժողովի նախերգանքի իմաստով:

Այդ վեհաժողովի մասին հայտնի է վաղուց, իսկ Հունաստանի նախագահի հետ հանդիպմանն էլ դրա սպասման մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության ձևաչափը նախաձեռնել է Հայաստանը: Դեռևս մարտին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Կիպրոս այցի ընթացքում դրվեց արտգործնախարարների մակարդակում գործակցության սկիզբ, ու ազդարարվեց ձևաչափի առաջին՝ հունվարին Երևանում կայանալիք վեհաժողովը: Այս ընթացքում, սակայն, միջազգային իրադարձություններում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ինքնին նոր միջավայր են ստեղծել նոր ձևաչափի առաջին վեհաժողովին ընդառաջ: Մասնավորապես, խոսքը, իհարկե, Թուրքիայի շուրջ սիրիական առիթով տեղի ունեցող զարգացումներն են և, մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը: Իսկ բանն այն է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափը գործնականում դիտարկվում է որպես թուրքական աշխարհաքաղաքական նկրտումների հնարավոր արգելափակոց:

Ինչ խոսք, դա, իր հերթին, եռակողմ գործակցության և ձևաչափի բավականին նեղ հատկանիշ կամ բնորոշում է, որովհետև երեք երկրները, մեծ հաշվով, ունեն շատ ավելի մեծ քաղաքական ներուժ՝ ընդհուպ քաղաքակրթական կապիտալի խորքային համատեքստում: Միևնույն ժամանակ, սակայն, իրադարձություններն ու հանգամանքները դասավորվել են այնպես, որ այդ ամենը որոշակիորեն հատվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչն էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում այդ ներուժի իրացումը առանց թուրքական նկրտումների զսպման ուղղությամբ ջանքերի: Եռյակը չի որոշել այդպես, այդպես գործնականում «որոշել» է Թուրքիան, հատկապես էրդողանյան, այսպես ասած, ծավալապաշտական և անգամ կայսերապաշտական հավակնությունների ժամանակահատվածում: Դա էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում եռակողմ ձևաչափի ծավալումն առանց Թուրքիայի այդ ծավալապաշտական գործողություններն ու ռազմավարությունը սահմանափակելու: Ինչ կստացվի այդ գործում: Այդ հարցի շատ թե քիչ պատասխանի ուրվագծումը կնշմարվի թերևս երևանյան վեհաժողովին ավելի մոտ կամ դրա ընթացքում: Սակայն ակնառու է, որ եռակողմ ձևաչափը, թեկուզ անուղղակի, սակայն արդեն իսկ ստացել է բավականին լուրջ քաղաքական քարտ-բլանշ ԱՄՆ-ից:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am