«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել:

Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել:

Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժնում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի և բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, և հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: