Երևանի քաղաքապետարանը գնացել է ահազանգի հետքերով` պարզելու համար, թե ինչու են քանդել Դալմայի այգիներում եղած հին հնձաններից մեկը։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան գնացել են Դալմայի այգիներ` պարզելու երեկվա ահազանգի պատճառները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Բնապահպան Մարի Չաքրյանը Facebook—ի իր էջում գրել էր, թե Դալմայի այգեգործներից ահազանգ է ստացվել, որ այնտեղ գտնվող 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել են:

«Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան»,– գրել է Կարապետյանը։