Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 45-ամյա Արամ Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 45-ամյա Կարինե Ղ.-ն, 6-ամյա Վլադիկ, 16-ամյա Սոնա եւ 17-ամյա Նվարդ Մ.-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, իսկ վարորդը եւ ուղեւոր 44-ամյա Նվեր Մ.-ն տեղում մահացել են:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: