Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ։

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները, որոնք Հայաստան էին գալիս, հարցաքննվում են։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:

«Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,–նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։ Արդեն հայտնել էինք, որ 3 ձերբակալված կա։ Դեսպանությունը հայտնում է, որ երեքն էլ ՀՀ քաղաքացիներ են։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։