Աշակերտներն այս փուլում քննություն են հանձնում այն առարկաներից, որոնցից միասնական քննություն չեն հանձնելու։

 Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կանցկացվեն դեկտեմբերի 24-28–ը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Թե որ առարկայի քննությունը կոնկրետ երբ կլինի, պարզ կլինի օրերս` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։ Աշակերտներն այս փուլում քննություն են հանձնում այն առարկաներից, որոնցից հետո միասնական քննություն չեն հանձնելու»,–ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` այս կիսամյակում քննություն հանձնելն օգնում է աշակերտին, որ երկրորդ կիսամյակում նա կենտրոնանա միայն այն առարկաների վրա, որոնք պետք են նրան բուհ ընդունվելու համար։

Ավարտական քննություններին մասնակցելու համար աշակերտներն իրենց դպրոցներում հայտագրվել կարող են մինչև դեկտեմբերի 5-ը։ Դրանից հետո պարզ կլինի քննություն հանձնողների ընդհանուր թիվը։

«Մինչև դեկտեմբերի 11-ը քննություն հանձնող աշակերտների թիվը նախարարությունը պետք է ներկայացնի ԳԹԿ, որպեսզի կենտրոնը այդ թվին համապատասխան էլ թեստեր տպագրի»,–ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ միասնական քննությունները կանցկացվեն հունիսին։

Հիշեցնենք, որ 2018–ին հայաստանյան բուհեր էին դիմել ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: