Սրտի նոպան ամենավտանգավոր խանգարումներից մեկն է, որը ոչ միշտ է ակնհայտ լինում: Երբեմն սրտի նոպան ուղեկցվում է ախտանշաններով, որոնք կապված չեն լինում սրտանոթային համակարգի աշխատանքի վտանգավոր խանգարումների հետ, ինչի հետևանքով մարդիկ ոչ միշտ են ժամանակին նկատում խնդիրը: Ավելին՝ BBC-ի տվյալներով՝ սրտամկանի կաթվածի 45% դեպքերում խնդիրն անցավ է լինում և կարող է անգամ չնկատվել:

MedikForum.ru կայքը ներկայացրել է, թե որ ախտանշաններն են հուշում, որ մարդը բախվել է հենց սրտամկանի «համր» ինֆարկտի խնդրին:

Գերհոգնածություն

Սաստիկ հոգնածության զգացումը, որն ուժերի կորուստ կամ գրիպ է հիշեցնում, նույնպես կարող է հուշել սրտի հետ կապված խնդիրների մասին: Ընդ որում՝ սա շատ ավելի հավանական է, եթե հոգնածությունը տևական է: Սա պայմանավորված է լինում թթվածնի պակասով, որը սրտամկանի ինֆարկտի հիմնական որոշիչ գործոններից մեկն է:

Ոտքերի այտուց

Այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ երակների վարիկոզ լայնացմամբ կամ հղիությամբ, սակայն այս խնդիրը կարող է հուշել նաև սրտային անբավարարության մասին, որը սրտի աշխատանքի քրոնիկ խանգարում է: Հարկ է հիշել, որ սրտամկանի խնդիրներով պայմանավորված լինելու դեպքում այտուցներն ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, այդ թվում՝ հոգնածությամբ:

Ցավ քայլելու ընթացքում

Քայլելու կամ առհասարակ շարժվելու ընթացքում ոտքերի մկաններում առաջացող ջղաձգումներն ու ցավը, որոնք մեղմվում են հանգստանալու դեպքում, նույնպես կարող են վտանգավոր ախտանշան լինել: Նման տհաճ զգացողությունները կարող են վկայել ոտքերի զարկերակներում թրոմբի առաջացման մասին, իսկ սա շատ վտանգավոր է և բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը 50%-ով:

Գլխապտույտ

Գլխապտույտը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն կարող է լինել նաև սրտամկանի հետ կապված խնդրի մասին հուշող ախտանշան: Նման խնդրի պատճառ, մասնավորապես, կարող է դառնալ զարկերակի խցանումը, որը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը, կամ փականների խանգարումները, որոնց հետևանքով դրանք չեն կարողանում պահպանել արյան նորմալ ճնշումը:

Քնելու ժամանակ ակնհայտ լսվող սրտխփոց

Սրտի փականի վնասվածքի դեպքում որոշ հիվանդներ կարող են պարզ լսել սեփական սրտի զարկերի ձայնը, երբ փորձում են քնել: Որպես կանոն, մարդիկ սովորում են այդ ձայնին կամ պարզապես փոխում են քնի դիրքը, ինչն օգնում է չլսել այդ ձայնը: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սա կարող է շատ վտանգավոր ախտանշան լինել, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Միաժամանակ ի հայտ եկող տագնապ, քրտնարտադրություն ու սրտխառնոց

Ախտանշանների նման համադրությունը բնորոշ է տագնապային նոպային, սակայն այն կարող է լինել նաև սրտի նոպայի մասին հուշող ախտանշան: Եթե այս տհաճ ախտանշաններն ուղեկցվում են հևոցով, սաստիկ հոգնածությամբ ու կրծքավանդակի ցավերով, որը կարող է տարածվել նաև մեջքի, ուսերի, թևի, պարանոցի կամ կոկորդի հատվածում, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել: