Ներկայումս զգալի չափով պայմանական հասկացություն է, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց: Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում:

Նույնիսկ սեռական կյանքում անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիհարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել: Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի: Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին: Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը:

Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:


Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունն ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն:

Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը: Ինտրավերտ, ամաչկոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդկանց առնանդամը կարող է չլարվել կամ հեշտոց մտցնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով սեռական հարաբերությունը կարող է անհաջող ավարտ ունենալ: Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը:


Թեպետ, ըստ ռոմանտիկ ասքերի, առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է իբր դրամատիկ իրադարձություն, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի և փաստորեն առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու խրտնած վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել:


Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի:

Ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական և բախտորոշիչ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերութունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսաթաղանթի պատռմամբ):

Մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ ճակատագրական: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածոության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակարթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսությոան և ցավային զգացողությունների:


Սովորաբար, լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ: Դեֆլորացիան կախված է ոչ միայն առնանդամի ձգվածության աստիճանից, այլև կուսաթաղանթի տեսակից: Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խմդիրներ, իսկ հետագայում նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալլ: Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որևէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ:

Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա ″հերոսների համար″

1. ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում,

2. կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ ″նարկոզ″ են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի ″վիրահատությունը″: Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները` նրան հնարավոր ցավից շեղելու նպատակով,

3. հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի` հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար,

4. դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ,

5. կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ,

6. հենց որ զուգընկերը մտցնի առնանդամը, ցանկալի է մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա սպազմը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը,

7. զուգընկերեւհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին,

8. պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու ամուսնական առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, կուսազրկումը պետք է կատարի միայն փորձառու ու, գլխավորը, ինքնավստահ տղամարդը,

9. բարդ և խիստ պատասխանատու ″առաքելությունը″ կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել:

Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքնչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:

Վրեժ Շահրամանյան

doctors.am