Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի: Կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի հետեւանքով մահացությունը վերջին օրերին անշեղորեն նվազում է. եթե նախկինում մեկ օրում գրանցվում էր մահվան 100-ից ոչ պակաս նոր դեպք (երբեմն նաեւ գրեթե 250), ապա վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 66 նոր դեպք:

Հիվանդացության աճի տեմպերը նույնպես նվազում են. Չինաստանում մեկ օրում գրանցվել է ընդամենը 125 նոր դեպք, մինչդեռ նախկինում հազարավոր դեպքեր էին: Սակայն Հարավային Կորեայում հիվանդացությունը շարունակում է աճել. այնտեղ վերջին մեկ օրում ախտորոշվել է 477 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4812-ի: Հիվանդացածների թվով Հարավային Կորեան այսօր աշխարհում երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Իտալիան՝ 2036 դեպքով, չորրորդում Իրանն է՝ 1501 դեպքով:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 2944 դեպք, Իրանում՝ 66, Իտալիայում՝ 52, Հարավային Կորեայում՝ 28:

Հայաստանում առայժմ կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. միակ պացիենտը՝ Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդն իրեն լավ է զգում: Նրա հետ շփված բոլորը մեկուսացված են: