Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում եւս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաեւ լրատվամիջոցները:

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել եւ ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին եւ 3-ը` մարտի 11-ին:

Հետեւե’ք միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում #կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղելցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:

Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»: