Հղիների շրջանում կորոնավիրուսի պատճառով բարդությունների եւ մահվան դեպքերի մասին հաղորդագրություններ այս պահին չկան: Դեպքերի մեծամասնությունում հղիները թեթեւ են տանում հիվանդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ դա կարելի է բացատրել նրանով, որ հղիության ժամանակ կնոջ իմունային համակարգը թուլանում է: Իսկ կորոնավիրուսի առանձնահատկությունն այն է, որ իմունիտետի չափից դուրս ակտիվության հետեւանքով վնասվում են պացիենտի թոքերի հյուսվածքները: Հղիների մոտ իմունիտետի թուլացման պատճառով նման խնդիրներ չեն լինում:

Ինչ վերաբերում է պտղի վրա կորոնավիրուսի ազդեցությանը, նախարարը նշեց, որ դեռ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ վիրուսը բավարար չափով ուսումնասիրված չէ, եւ աշխարհում բավարար տվյալներ չկան այն մասին, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ վարակվածների առողջության կամ պտղի առողջության վրա

Կան տվյալներ, որ որոշ ապաքինվածների մոտ երկարաժամկետ բարդություններ են լինում, օրինակ՝ ֆիբրոզ: Սակայն կան նաեւ տվյալներ, որ շատ ապաքինվածների մոտ ակնհայտ խնդիրներ չեն լինում՝ նշեց նախարարը: Այնուամենայնիվ, ամիսներ եւ տարիներ են պետք՝ ուսումնասիրելու այդ հարցերը: