Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է։ Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն՝ նախընտրում են միայն սուրճը, հետո գնում են, աշխատավայրում ևս մի երկու բաժակ ըմպում են գործընկերների հետ ու օրը եզրափակում երեկոյան՝ կրկին սուրճ խմելով։

Ամբողջ աշխարհում գիտնականներն ապացուցում են մեկ՝ սուրճի օգտակարությունը, մեկ՝ վնասակարությունը:

Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա’ խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին՝ թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը՝ չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա՝ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավելի) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպեից բարելավման էֆեկտը վերանում է։

168.am-ը սննդաբան, բժիշկ–դիետոլոգ Լիդիա Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է ամեն օր 4-5 բաժակ սուրճ օգտագործելը։

Նրա խոսքով՝ սուրճի չափավոր սպառումը՝ օրական 300-400 մգ, առողջ մեծահասակների մոտ բավականին ընդունելի է:

«Սննդի և դեղերի կառավարման ադմինիստրացիան (Food and Drug Administration) նշում է մինչև 400 մգ՝ մեկ օրվա ընթացքում, իսկ հղի կանանց համար առաջարկվում է ավելի ցածր թիվ՝ 300 մգ կամ ավելի քիչ: Քանի՞ բաժակ սուրճ է դա․ 400 մգ-ն մոտ 4 բաժակ սուրճ է: Այնուամենայնիվ, սուրճի մեջ կոֆեինի պարունակությունը կարող է էապես տարբեր լինել՝ կախված արտադրողից: 100-200 մգ կոֆեինը ստանդարտ բաժակում փորձեք հաշվարկել ինքներդ: Մի՛ մոռացեք, որ կոֆեին կա թեյի, էներգետիկ ըմպելիքների և գազավորված ըմպելիքների մեջ, ինչպիսիք են «Կոկա-Կոլան», «Պեպսի-կոլան» և այլն»,- նշեց սննդաբանը։