Հարց։ Բարև Ձեզ, ես Լիաննան եմ, 28 տարեկան: Սեռական կյանքս նման է մղջավանջի։ 4 տարի է՝ ինչ ամուսնացած եմ, բայց դեռ կույս եմ, ահավոր վախենում եմ, երբ ամուսինս մոտենում է ինձ: Լարվում եմ, կծկվում։ Շատ բժիշկների մոտ եմ գնացել, ամեն անգամ նրանց մոտ գնալուց հետո սթրեսից մի շաբաթ ուշքի չեմ գալիս: Ոմանք ասում են՝ գիժ ես, երեխա չես ունենա, մյուսները առաջարկում են կուսաթաղանթը հատել: Շատ հուսահատված եմ: Ամուսինս ինձ չի հասկանում, արդեն մտածում է՝ չեմ սիրում իրեն, սկեսուրս էլ համոզված է, որ չեմ ուզում հղիանալ։ Ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ ծանր վիճակում եմ։ Չգիտեմ՝ ինչ անել, ում դիմել այս խնդրից ազատվելու համար: Արդյոք կա՞ բուժում և ի՞նչ է պետք անել:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, ԲԳԹ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:


Ըստ նկարագրության՝ խոսքը վագինիզմի մասին է, որը սեքսոլոգիական խնդիր է։ Դա կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի մկանների արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում` անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Առանձնացնում են վագինիզմի երեք աստիճան. 1-ին աստիճանի դեպքում մկանների ձգումը տեղի է ունենում անմիջապես սեռական ակտի սկզբից` անդամի ներհրման ժամանակ: 2-րդ աստիճանը բնորոշվում է մկանների նույնատիպ ռեակցիայով` արտաքին սեռական օրգաններին անգամ թեթև հպման արդյունքում: Իսկ ահա 3-րդ աստիճանի դեպքում` միայն սեռական ակտի պատկերացումն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ, առաջացնում է համապատասխան մկանների ձգում: Երբեմն կանայք, ունենալով նման խնդիր, խուսափում են դիմել բժշկի, սակայն պետք է չհետաձգել մասնագետին կատարվելիք այցը: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան արագ հնարավոր կլինի վերադարձնել սեքսուալ կյանքի ուրախությունը: Առողջ եղեք։