Ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական լայնածավալ փորձարկումները հաստատում են դրա արդյունավետությունը նոր տիպի Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարում:


Ուսումնասիրությունը շարունակվում է, դեռևս ամփոփվել են միայն դրա նախնական արդյունքները: Այնուամենայնիվ, դրանք բավականաչափ համոզիչ էին, որպեսզի Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIAID) հանդես գա դեղամիջոցի արդյունավետությունը հաստատող հայտարարությամբ:

Փորձը, որը սկսվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ փետրվարի 21-ին, ներառում է Covid-19-ի հաստատված ախտորոշմամբ ավելի քան 1000 հիվանդի ԱՄՆ-ից, Ասիայից և Եվրոպայից:

Հետազոտողներն օգտագործում են կրկնակի կույր թեստավորման մեթոդը. հիվանդները բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկում հիվանդները ստանում են ռեմդեսիվիր (բացի սովորական սիմպտոմատիկ բուժումից), իսկ մյուսում՝ պլացեբո: Ընդ որում, թե խմբերից որում է գտնվում տվյալ հիվանդը՝ չգիտի ո՛չ հիվանդը, ո՛չ նրան բուժող բժիշկը:

Ըստ նախնական տվյալների, փորձարկվող դեղամիջոց ընդունող հիվանդներն ապաքինվել են գրեթե մեկուկես անգամ ավելի արագ՝ միջինում 11 օրվա ընթացքում, մյուս խմբի 15 օրվա փոխարեն: