Քիմ Քարդաշյանն ինքնամեկուսացման ընթացքում հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարկում ընտանեկան առօրյայից։ Երեխաների հետ ընտանեկան լուսանկարները հրապարակվել են «Vogue»-ում եւ նույնիսկ անկախ կարանտինից 39-ամյա հայուհին, որը չորս երեխայի մայր է, հարմար կոմբինեզոնով հիասքանչ տեսք ունի։

 

Daily Mail-ի հաղորդմամբ՝ նկարահանումը բարդ է եղել. շարժուն երեխաները չէին ցանկանում տրամադրվել, ինչի հետեւանքով որոշ լուսանկարներ հստակ չեն։

 

Եվ աստղային ընտանիքում ամեն ինչ կարծես կարգին է, եթե չլիներ Us Magazine-ի տեղեկությունն այն մասին, որ Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, չի կատարում իր ծնողական պարտականությունները։

 

«Նա ձգտում է լավ մայր լինել, ձգտում է կենտրոնանալ իրավունքի դպրոցում ուսման վրա, սակայն առանց Քանյեի նրա համար դժվար է գլուխ հանել»,- գրում է պարբերականը։

 

Ընդ որում, Us Magazine-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ Քանյեն «տարված է վերահսկողությամբ, շատ է ճնշում Քիմին եւ նրան պարտադրում է կյանքի իր տեսլականը…»: «Քանյեն ազդում է Քիմի նյադրերի վրա»,- հայտնում է պարբերականը՝ հավելելով, որ կարանտինի ընթացքում զույգն ամբողջ ժամանակ վիճում է։