Հայ մարզիկներին երկրպագուները հիմնականում ճանաչում են նրանց ձեռքբերումներով: Mediamax Sport—ը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել նրանց ոչ սպորտային նախասիրությունները, հետաքրքրություններն ու զբաղմունքները:

Սկսենք Լեւոն Արոնյանից, որը բազմակողմանի զարգացած, միշտ նորը փնտրող ու անչափ հետաքրքրասեր մարդ է: Առանձնացրել ենք 5 փաստ, որոնք արժե իմանալ մեր ամենատիտղոսակիր մարզիկներից մեկի մասին:

Լուսանկարը` անձնական արխիվ Երաժշտություն «Փոքր ժամանակ ես միաժամանակ շախմատի եւ դաշնամուրի էի հաճախում: Չնայած ընտրեցի շախմատը, բայց երաժշտությունը մնաց իմ ամբողջ կյանքի սերը:

Այն ինձ շատ է օգնում. եթե պետք է թուլանալ ու հանգստանալ, ես դասական երաժշտություն եմ լսում, իսկ եթե լիցքավորվել ու արթնանալ՝ ջազ: Մայրիկիս շնորհիվ եմ կապվել դասական երաժշտության հետ: Նա է մեզ սովորեցրել տարբերել հավերժականն անցողիկից: Լուսանկարը` անձնական արխիվ Ջազի աշխարհի ներկայացուցիչներից ամենաշատը հավանում եմ Ջոն Քոլթրեյնի գործերը, իսկ դասական՝ Յոհան Սեբաստիան Բախի, Անտոն Բրուքների, Գուստավ Մալերի, Դմիտրի Շոստակովիչի:

Բոլորին խորհուրդ կտամ անպայման լսել հետեւյալ սիմֆոնիաները. Շոստակովիչ՝ սիմֆոնիա N 5, Մալեր՝ Das Lied Von Der Erde, Բեթհովեն՝ սիմֆոնիա N 6, Բրուքներ՝ սիմֆոնիա N 7, Ռախմանինով՝ սիմֆոնիա N 2»:

Գրքեր Լուսանկարը` անձնական արխիվ «Կարդալ շատ եմ սիրում: Դեռ շատ պատանի տարիքում ծնողներիս շնորհիվ արդեն բավական մեծ գրադարան ունեի, որտեղ կարեւոր տեղ էին զբաղեցնում շախմատային գրքերը: Շատ եմ հավանում Հենրիկ Գասպարյանի «Էտյուդների գաղտնիքները» գիրքը:

Ոչ շախմատային գրքերից սիրում եմ Անդրեյ Պլատոնովի, Ֆրանց Կաֆկայի եւ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները: Փոքր տարիքում միայն երկու գիրք եմ մի քանի անգամ կարդացել՝ Ջաննի Ռոդարիի հեքիաթների ժողովածուն եւ «Կարլսոնը, որն ապրում է տանիքում»:

Լուսանկարը` անձնական արխիվ Անպայման կարդացեք Կաֆկայի «Ամրոց» վեպը, Նիկոլո Մաքիավելլիի «Դիսկուրսներ Լիվիոսի մասին» ստեղծագործությունը եւ Մարինա Ցվետաեւայի բանաստեղծությունները»: Բասկետբոլ «Երբ ես փոքր էի, Երեւանի բոլոր բակերում ֆուտբոլ էին խաղում:

Մեր հարեւան բակում ընկերոջս հայրիկը բասկետբոլի օղակ էր տեղադրել, որտեղ էլ մենք տղաներով խաղում էինք: Լուսանկարը` անձնական արխիվ Այնպես ստացվեց, որ փոքր տարիքից երկրպագում եմ «Բոսթոնին» ու ձգտում եմ ոչ մի նորություն բաց չթողնել սիրելի թիմի մասին: Ինչ-որ հարազատ ու նաեւ չեմպիոնական բան եմ զգում այդ ակումբի նկատմամբ: Բիլ Ռասսել, Լարրի Բերդ, Քեւին Գարնեթ, երբ նրանք 2008-ին հաղթանակ տարան, շատ երջանիկ էի: Ես անչափ շատ եմ սիրում բասկետբոլն ու նաեւ մեծ հաճույքով խաղում եմ»:

Սարեր բարձրանալ ու ճանապարհորդել Լուսանկարը` անձնական արխիվ «Փնտրել նորը, հավատալ, գաղտնիքները բացահայտել, երեւույթի մեջ տեսնել ու գտնել բազմաշերտությունը:

Նման ձեւով ես վարվում եմ ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում: Ես սիրում եմ ճանապարհորդել եւ ուսումնասիրել յուրաքանչյուր երկիր, ծանոթանալ պատմությանը, մշակույթին, մարդկանց, գտնել հետաքրքիրը:

Լուսանկարը` անձնական արխիվ Ես շատ ֆանատիկ եմ ու ոչ միայն շախմատում, ինչով զբաղվում եմ խորը ուսումնասիրության եմ ենթարկում:

Բացառություն չեն այն բոլոր վայրերը, որտեղ ես այցելում եմ: Սիրում եմ սարեր բարձրանալ ու մոտ լինել բնությանը, զգալ ազատությունը»:

Կենդանիներ Լուսանկարը` անձնական արխիվ Լեւոնը նաեւ հետաքրքրվում է կենդանիներով:

Մասնավորապես, նրա շունը, որին Պոնչիկ են անվանել, անչափ շատ է սիրում իր տիրոջը:

Արոնյանը հաճախ է նրա հետ վիդեոներ հրապարակում, երբ խաղում են միասին, սովորում ինչ-որ նոր բան, խոհանոցում են աշխատում կամ էլ պարզապես վազում են: