Որոշ երկրներում կորոնավիրուսով վարկման դեպքերի թիվն աճում է կարանտինի թուլացմանը զուգահեռ: Մարդիկ պետք է շարունակեն պահպանել նախազգուշական միջոցառումները, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները:

«Ինչ վերաբերում է (դեպքերի թվի) աճին, ապա այո, մենք նկատել ենք ամբողջ աշխարհի երկրներում,- ես չեմ խոսում բառապես Եվրոպայի մասին,- երբ կարանտինը մեղմացվել է, երբ սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները թուլանում են, մարդիկ երբեմն դա հետեւյալ կերպ են ընկալում. «Լավ, ամեն ինչ ավարտվեց»», - Ժնեւում ՄԱԿ ճեպազրույցում ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը, հայտնում է reuters.com-ը:

«Ոչ մի բան չի ավարտվել: Ոչ մի բան չի ավարտվել, քանի դեռ ամբողջ աշխարհում վիրուսը չի անհետացել», - ասել է մասնագետը:

Հարիսը ԱՄՆ-ում ցույցերի մասնակիցներին նաեւ կոչ է արել ցույցերի ժամանակ նույնպես նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել: