Պաբլո Էսկոբարը (ամբողջական անունը՝ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիա / Pablo Emillio Escobar Gaviria) ծնվել է 1949թ. Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։ Լինելով աղքատ ընտանիքից, Պաբլոն տարիների ընթացքում դարձել է աշխարհի ամենահարուստ հանցագործներից մեկը, թերևս, պատմության մեջ ամենաազդեցիկ հանցագործական կլանի ղեկավարը՝ ձեռք բերելով «Կոկաինի արքա» անվանումը։ Մինչդեռ բազում հրապարակումներ կան Էսկոբարի մասին, նա շարունակում է մնալ 20-րդ դարի ֆենոմեններից մեկը։

Իր իշխանության գագաթնակետին եղած ժամանակ նրա հարստությունը, այն ժամանակվա գնահատականներով, հասնում էր աներևակայելի մեծության։ Նա կազմակերպել և իր շուրջ էր համախմբել աշխարհի պատմության մեջ ամենաազդեցիկ մաֆիայի կազմակերպությունը, որն այնուհետև ձեռնոց նետեց ոչ միայն Կոլումբիայի պետությանը, այլ նաև ԱՄՆ` Թմրամիջոցների կանխարգելման գործակալությանը և երկրում առկա բոլոր մյուս մաֆիայի խմբերին, որոնք ստիպված էին համախմբվել նրա դեմ պայքարելու համար, որպեսզի ծնկի բերեն նարկոբարոնին։

Պաբլո Էսկոբարի որդին՝ Սեբաստիան Մարոքուինը (Խուան Պաբլո Էսկոբար), ով հոր մահից հետո երկար տարիներ ստիպված էր ապրել փախուստի մեջ, իր հուշերի հիման վրա գիրք է հրապարակել։ Գիրքը, որը, մասնավորապես, վերնագրված է «Պաբլո Էսկոբար. իմ հայրը», պատմում է Էսկոբարի կյանքի մասին, և իր հուշերի հետ մեկտեղ՝ Սեբաստիան Մարոքուինն այդ գրքի միջոցով փորձում է խաղաղություն վերագտնել և պատմում է զոհերի ընտանիքների հետ իր հանդիպման մասին, որտեղ նա զղջում է և ներողություն է խնդրում իր հոր կողմից կատարված դաժանությունների համար։

 

Էսկոբարն աղքատ թաղամասերի բնակիչների մոտ ասոցիացվում էր Ռոբին Հուդի կերպարի հետ, որոհետև իր հանցավոր գործունեության հետ մեկտեղ՝ նա նաև միլիոնավոր դոլարներ էր ծախսում Արևմտյան Կոլումբիայում մարզադաշտերի, այգիների, դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների կառուցման համար։ 1982թ. Էսկոբարն ընտրվում է Կոլումբիայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, ինչն իր տղայի գնահատականով՝ նրա մեծագույն սխալն էր. նա չպետք է մտներ քաղաքականություն։ Այդ առիթով մեկ անգամ Էսկոբարի մայրը, ով նույնպես նրան խորհուրդ էր տվել հեռու մնալ քաղաքականությունից, ասել է. «Այն սոխակը, ում պոչը ծղոտից է, այլ ոչ իսկական, չպետք է պոչի գեղեցկությունն ու փայլը ցույց տա` այն մոմի լույսի տակ խաղացնելով. մի օր անպայման այն կվառվի»։

Մինչդեռ Էսկոբարին հարգում էին Մեդելյինում, այլ վայրերում հազարավոր մարդիկ տառապում էին նրա գործունեությունից, որն իր հետ բերում էր ահաբեկչական գործողություններ, բազում մարդասպանություններ, պայթեցումներ, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ էլ էին զոհվում, ինչին նա գնում էր իր իշխանությունը, հարստությունն ու ազդեցությունը պահպանելու համար։ Նա շատ դաժան էր մարդկանց հանդեպ, սակայն անբացատրելի բարություն և սեր էր տածում կենդանիների հանդեպ։

Կոկաինի վրա կառուցված մաֆիայի հզոր կայսրությունը

Էսկոբարն իր կոկաինի կայսրությունը սկսել է կառուցել 1975թ.։ Մանուկ հասակից հանցագործի ուղի ընտրած Էսկոբարն իր կոկաինի կայսրությունն այն աստիճան վերելքի էր հասցրել, որ նույնիսկ այդ գործունեության համար օգտագործում էր սեփական սուզանավ և ինքնաթիռներ։

Որոշ գնահատականներով՝ նրա կարողությունն այդ տարիներին հասնում էր շուրջ 28 միլիարդ դոլարի. ամբողջ գումարը կանխիկով էր։

Ըստ որոշ աղբյուրների՝ 1985թ., երբ Կոլումբիայի կառավարությունը հետապնդում էր իրականացնում նրա հանդեպ, որպեսզի Էսկոբարին արտահանձնի ԱՄՆ-ին, նա առաջարկել է ամբողջությամբ մարել Կոլումբիայի պարտքն Արժույթի Միջազգային Հիմնադրամին, ինչն այդ տարիներին կազմում էր 21 միլիարդ դոլար, որի դիմաց նրան հանգիստ կթողնեին և կհրաժարվեին արտահանձնելու մտքից։ Չնայած այս տեղեկատվությունը մի քանի տեղ հրապարակվել է, Էսկոբարի տղան պնդում է, որ դա միֆ է և իրականությանը չի համապատասխանում։

Ասում են, որ Էսկոբարի եկամտային հոսքն այնքան մեծ է եղել, որ նա ամսական 2500 ԱՄՆ դոլար ծախսում էր միայն այն բանի վրա, որպեսզի բավականաչափ ռետինե կապիչներ գնի իր ստացած կանխիկ գումարները կապելու համար։

Սկզբում նա կոկաինի տեղափոխումը կազմակերպում էր հին ինքնաթիռների անիվների մեջ, որի դիմաց օդաչուներից յուրաքանչյուրը կարող էին ստանալ մինչև 500.000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր թռիչքի համար` կախված այն բանից, թե որքան կոկաին կարող էին տեղափոխել։

Իր վերելքի գագաթնակետին Պաբլոյի ֆինանսական ընթացիկ եկամուտներն այնքան շատ էին, որ նա այլևս չէր կարողանում կազմակերպել փողեր հաշվելու և տեսակավորելու գործընթացը։ Որոշ գնահատականներով՝ ֆինանսական հարստության գագաթնակետին նրա ընթացիկ շաբաթական կանխիկ եկամուտը կազմում էր 420 միլիոն ԱՄՆ դոլար։

 

Էսկոբարն իր հարստության շնորհիվ ձեռք էր բերել անհամար անշարժ գույք, հսկայական արվեստի թանկարժեք գործերի հավաքածու, որը Հարավային Ամերիկայում ամենամեծն էր համարվում, ինչպես նաև մի ահռելի տարածք (4700 հեկտար), որը նա գնել էր իր անձնական օգտագործման համար և անվանեց Նեապոլյան կալվածք (Napoles):

Դա մի ահռելի տարածք էր` ջունգլիներով, գետերով և լճերով հագեցած, որը նա լցրեց աշխարհի տարբեր անկյուններից ձեռք բերված էկզոտիկ կենդանիներով և թռչուններով։ Նա այդ տարածք բերեց շուրջ 1200 էկզոտիկ կենդանիներ և թռչուններ։ Այդ տարածքում նա կառուցեց նաև ինքնաթիռի թռիչքուղի և այն սկսեց ծառայեցնել՝ որպես իր բնակավայր և բիզնես գործունեության ծավալման վայր։ Չնայած նրան, որ փողերն Էսկոբարն անհամար սեփականություն և հարստություն բերեցին, այնուամենայնիվ, դրանք երբեք իրեն հոգու խաղաղություն չտվեցին, և չկար մի վայր, որը նա կարող էր իր «օջախն» անվանել, քանզի իր ընտանիքի հետ գտնվում էր մշտական փախուստների մեջ։

 

Երիտասարդ Էսկոբարը

Երիտասարդ տարիներին` 1960-ականների սկզբին, Էսկոբարն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Լա Պազ։ Նա իր տանն ուներ մի փոքր սենյակ` փոքրիկ գրադարանով, որտեղ գրքերի շարքում նա պահում էր նաև կոմունիստ Լենինի և Մաոյի աշխատությունները, որոնց վրա դրված էր մարդու իրական գանգ։

Մի անգամ Պաբլոն իր տղային պատմել է իր գրասեղանի վրա դրված գանգի պատմությունը. «Որդիս, սա իմ վախը հաղթահարելու առարկայական պատմությունն է։ Մի օր ինձ մոտ ցանկություն առաջացավ հաղթահարելու իմ սեփական վախը, և մտածելուց հետո եկա այն եզրահանգման, որ ամենավախենալուն այն կլիներ, որ ես գիշերը գնայի գերեզմանատուն և մարդու գանգ գողանայի այնտեղից։ Ես այդպես էլ արեցի. կեսգիշերին գնացի գերեզմանոց և ինչ-որ մեկի գերեզմանից մարդու գանգ գողացա։ Ոչ ոք ինձ այնտեղ չնկատեց, և ինձ հետ ոչինչ չպատահեց։ Այնուհետև ես այդ գանգը բերեցի տուն, մաքրեցի, ներկեցի և դրեցի իմ սեղանին՝ որպես թղթերն իրենց տեղում պահող ծանր առարկա»։

Իր վախը նման տարօրինակ և հրեշավոր ձևով հաղթահարելով՝ Էսկոբարը սկսել է օրենքի դեմ դուրս գալ դեռ պատանի հասակից։

Պաբլոյի որդու պատմած դեպքերից ուշագրավ է այն, որ մի օր Պաբլոն և իր զարմիկ Գուստավոն, ով հետագայում պետք է դառնար նրա հանցավոր իշխանության հենասյուներից մեկը, որոշում են իրենց համալսարանի մուտքի բանալիները կեղծել։ Նրանց հաջողվում է արտատպել բանալիները և պատրաստել դրանց կրկնօրինակը։ Նրանք բանալիներով այդ կրկնօրինակներն օգտագործում են համալսարան ներթափանցելու համար, և այնտեղից գողանում են դատարկ դիպլոմներ և համալսարանի կնիքի կրկնօրինակը։ Նրանք սկսում են կեղծ դիպլոմներ պատրաստել և վաճառել՝ այսպիսով ապահովելով հանցագործ գործունեությամբ ստացած առաջին եկամուտները։

 

«Իմ հայրն ու իր ընկերները տարիների ընթացքում ավելի էին կատարելագործվում իրենց հանցագործություններում, և մի օր նրանք գողանում են Մեդելյինի եկեղեցու քահանայի Կադիլակ մակնիշի ավտոմեքենան, ով այդ օրը եկել էր իրենց թաղամաս` մասնակցելու նոր շինության հորատման աշխատանքներն օրհնելու արարողությանը։ Իր ընկերներից մեկը տեխնիկական կրթություն ուներ և գիտեր, թե ինչպես կարելի է առանց բանալիների՝ լարերի օգնությամբ, մեքենայի շարժիչն աշխատեցնել։ Այսպիսով, նրանք գողանում են եկեղեցու քահանայի մեքենան, և դրանով սկսում են շրջել քաղաքով։

Որդին պատմում է, թե ինչպես է հայրը՝ Պաբլոն, առաջին անգամ հայտնվել բանտում. Դա եղել է 1974թ., երբ ոստիկանությունը նրանց կանգնեցնում է գողացված Ռենո 4 (Renault 4) ավտոմեքենայով:

Նոր անօրինական հսկա բիզնեսներին ընդառաջ

Բանտում գտնվելու ժամանակ Էսկոբարը հզոր կապեր է ձեռք բերում Կոլումբիայի հանցագործ աշխարհում, ինչի շնորհիվ էլ նա առաջին քայլերն է անում մաքսանենգության ոլորտում։ Այս հանցագործ գործունեության մեջ և առաջին լուրջ քայլերն անելու գործում իր առաջին «ուսուցիչն» էր Ալբերտո Պրիետոն, ով հայտնի էր Կնքահայր մականվամբ։

Վերջինս ազդեցիկ էր տեղի հանցագործ աշխարհում և հսկայական գումարներ էր վաստակում՝ հարակից երկրներից մաքսանենգ ճանապարհով վիսկի, ծխախոտներ և նմանատիպ այլ ապրանքներ Կոլումբիա բերելով։ Բանտում գտնվելու տարիներին Պաբլոն ընկերանում է Կնքահոր հետ, ով պարծենում էր Բոգոտայում դատավորների և կառավարական շրջանակներում իր ունեցած կապերով։

Պաբլոն ընդամենը երկու ամիս անցկացրեց բանտում, և իր նոր ընկերոջ ջանքերի և կապերի շնորհիվ հասավ նրան, որ գողացված Ռենո 4 մակնիշի ավտոմեքենայի ապացույցներն անհետացան իր գործից, և արդյունքում դատարանը ստիպված եղավ գործը փակել և նրան ազատ արձակել։

Բանտից դուրս գալուց հետո շաբաթներ անց Կնքահայրը Պաբլոյին առաջարկեց միանալ իր մաքսանենգության բիզնեսին։ Շատ կարճ ժամանակում Պաբլոն և իր բարեկամ Գուստավոն, իրենց խիզախության և դաժանության շնորհիվ, լուրջ համբավ և անուն ձեռք բերեցին տեղի հանցագործ շրջանակներում։

«Մի քանի անգամ դեպքեր են եղել, երբ ես անհանգստացել եմ` տեսնելով, թե ինչպես են ոստիկանները մտնում հորս գրասենյակ։ Ես անհանգստանում էի և կարծում էի, որ եկել են խուզարկելու, սակայն րոպեներ անց նրանք դուրս էին գալիս և հանգիստ հեռանում։ Այդ ժամանակ ես հասկանում էի, որ նրանց այցելության նպատակը բոլորովին այլ էր. եկել էին իրենց գումարը ստանալու»,- պատմում է Էսկոբարի որդին՝ նկարագրելով, թե ինչպես էր հայրը կաշառում ոստիկաններին։

 

Մինչ մաքսանենգության բիզնեսը ծաղկում էր, Պաբլոն հայտնաբերեց մեկ այլ ապրանք, որի վաճառքը մեծ, շատ ավելի մեծ գումարներ էր իրեն ապահովելու. Պաբլոն դադարեցրեց այլ ապրանքների վաճառքը և սկսեց զարգացնել կոկաինի վաճառքի բիզնեսը։

Մարդկության պատմության ամենաազդեցիկ հանցագործի վերելքն ու անկումը

Ձեռք բերելով բավականաչափ գումար և ազդեցություն՝ Էսկոբարը որոշում է մտնել քաղաքականություն և քարոզարշավ է սկսում բնակչության շրջանում, որը, անշուշտ, զուգորդված էր կաշառքով և ամենուր գումարներ բաժանելով։ Արդյունքում՝ Էսկոբարին հաջողվում է ընտրվել Կոլումբիայի խորհրդարանի անդամ։ Սակայն այս հաջողությունը շատ կարճ տևեց, քանի որ նրա դեմ իմպիչմենտի գործընթաց են սկսում և նարկոթրաֆիքինգի մեղադրանքով նրան զրկում են մանդատից։

Պաբլո Էսկոբարի տղան հավատացած է, որ քաղաքականություն մտնելը նրա ամենասխալ որոշումն էր, որ սկիզբ դրեց նրա հանցագործ կայսրության անկմանը։

 

Պաբլո Էսկոբարը հսկայական ռեսուրսներ և ջանքեր էր գործադրում՝ պայքարելով Կոլումբիայի կառավարության կողմից` նարկոթրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբավորումների անդամներին ԱՄՆ արտահանձնելու որոշման դեմ, սակայն հսկայական հակազդեցության էր հանդիպում։

Մասնավորապես, Կոլումբիայի արդարադատության նախարար Ռոդրիգո Լառա Բոնիլյան շատ խիստ դիրքորոշում ուներ Էսկոբարի և Մեդելյինի կարտելի դեմ։

«Իմ հայրը հասկացավ, որ Լառան չէր դադարեցնելու իր դեմ սկսված արշավը, և այսպիսով նա պատվիրեց, որպեսզի սպանեն արդարադատության նախարարին»,- վերհիշում է Էսկոբարի որդին։

Պաբլոյի աշխատակիցները միկրոավտոբուս են ձեռք բերում և այն ներկում են սպիտակ գույնով, վրան կարմիր խաչ են նկարում, որպեսզի շտապօգնության մեքենայի անվան տակ կարողանան հետևել արդարադատության նախարարին և հարմար պահի սպանեն նրան։

Մի անգամ նրանք այնքան մոտ էին գնացել նախարարին, որ մեքենան նախարարության առջև կայանած ժամանակ նախարարի թիկնապահները հենվել էին հենց իրենց մեքենային ու հանգիստ զրուցում էին` առանց կասկածելու, որ այդ «շտապօգնության» մեքենայի մեջ մինչև ատամները զինված մի հանցավոր խմբավորում էր, որ ամեն վարկյան կարող էր ոչնչացնել նրանց և նախարարին։

Էսկոբարն այնքան հեռու է գնում իր պատվիրած սպանություններով, որ սկսում է պլանավորել նախագահի թեկնածու Ցեզար Գավիրիայի (César Gaviria) սպանությունը, քանի որ նրա հետ արտահանձնման վերաբերյալ բանակցությունները փակուղի էին մտել։

Էսկոբարի որդին պատմում է, որ հոր աշխատակիցներին հաջողվում է աղքատ թաղամասում բնակվող և մահացու հիվանդություն ունեցող մի երիտասարդի համոզել քաղաքացիական ինքնաթիռ պայթեցնել` իր մահից հետո ընտանիքին մի կլորիկ գումար թողնելու խոստման դիմաց։

Սակայն անհայտ պատճառներով հենց թռիչքից առաջ Գավիրիան մտափոխվում է և չի նստում այդ ինքնաթիռը, բայց ռումբն օդում պայթում է` խլելով ավելի քան 100 անմեղ մարդկանց կյանք։

«Ես երբեք չկարողացա մոռանալ այդ դաժանագին քայլը։ Տարիների ընթացքում ես առիթ եմ ունեցել հանդիպելու իմ հոր զոհերի ընտանիքի անդամների հետ և ներողություն եմ խնդրել նրանցից։ Ես իմ հոր անունից նրանց խնդրել եմ, որպեսզի ներեն մեզ»,- պատմում է Էսկոբարի որդին։

Նա վերհիշում է, որ մի առիթով հորը հարցրել է՝ արդյոք նա հավատո՞ւմ է Աստծուն, սակայն ստացել է հետևյալ պատասխանը. «Աստված ամեն անձի համար շատ անձնական նշանակություն ունի»։

Պաբլո Էսկոբարի դեմ պայքարը գնալով ավելի մեծ թափ է ստանում, և 1992թ. արդեն այդ գործին էին լծվել երեք հզոր խմբավորումներ, որոնց մեթոդներն Էսկոբարի մեթոդներից պակաս դաժան չէին։

Պաբլոյի խմբավորման դեմ պայքարին էր միացել նաև Էսկոբարի դեմ աշխատող մի խմբավորում, որին վարժեցրել էին ԱՄՆ հատուկ ուժերը, որը, որպես գաղտնի կազմակերպություն, ուներ նաև Կոլումբիայի կառավարության և երկրի մեկ այլ հզոր` «Կալիի կարտել» մաֆիոզ խմբավորման աջակցությունը։ Այսպիսով, ամերիկյան ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումը, Կոլումբիայի կառավարությունը և երկրում գործող բոլոր այլ խոշորագույն ազդեցիկ մաֆիաները համախմբել էին իրենց ուժերը` սատարելով մի խմբավորման, որը հատուկ վարժանք էր անցել և կոչվում էր «Պեպե եղբայրներ», որպեսզի իրենց բիրտ և Էսկոբարի մեթոդների նման դաժան մեթոդներով կարողանային հայտնաբերել և ոչնչացնել նրան։

Պաբլոյի դեմ ուղղված այս արշավը շատ դաժան էր, ինչի արդյունքում աղքատ թաղամասերում իրականացված կոտորածների վերաբերյալ հրապարակումներ սկսեցին հայտնվել մամուլում։ Սա դաժան էր՝ մի կողմից, և ոչ պակաս դաժան էր պայքարը՝ մյուս կողմից, երբ Պաբլոյի խմբավորումը պայթուցիկներ էր դնում պետական կառույցների մոտ և պայթեցնում, ինչի հետևանքով անմեղ մարդիկ էին զոհվում։ Հաճախ նրանք պայթուցիկներով լցված մեքենան կայանում էին ոստիկանական կետի մոտ, և հենց մի խումբ ոստիկաններ մոտենային դրան՝ նրանք հեռահար կառավարման սարքով պայթեցնում էին այդ մեքենաները` սպանելով շրջակայքում գտնվող ոստիկաններին։

Նրանք նաև հարյուրավոր զենքեր էին բաժանում Մեդելյինի աղքատ թաղամասերի բնակիչներին, որոնք այն օգտագործում էին, երբ շրջապատում ոստիկաններ էին հայտնվում. այսպիսով, Մեդելյինի հանցավոր խմբավորումն աղքատ բնակավայրերի քաղաքացիներին օգտագործում էր՝ որպես ոստիկանական հետախուզման խմբերի դեմ կենդանի վահան։ Այդ մարդիկ գումար էին ստանում յուրաքանչյուր սպանված ոստիկանի դիմաց։ Բավական էր, որպեսզի թերթերից մեկում տեղեկություն հայտնվեր սպանված ոստիկանի մասին, և նա, ով այդ թերթը ցույց տար Պաբլո Էսկոբարի մարդկանց, կլորիկ գումար կստանար։ Գումարի չափը որոշվում էր` ըստ սպանված ոստիկանի պաշտոնի. ինչքան պաշտոնով մեծ էր, այնքան շատ գումար էր ստանում մարդասպանը։ Ոստիկանության դեմ սանձազերծված այս մասսայական դաժան արշավի արդյունքում ավելի քան 300 ոստիկան է սպանվել։

Մինչ ոստիկանությունն ակտիվ գործողություններով փորձում էր հայտնաբերել Էսկոբարին, «Կալիի կարտելը» նույնպես պատերազմ էր հայտարարել նրա դեմ։ 1988թ. հունվարի 13-ին, երբ Էսկոբարի ընտանիքը պատսպարվել էր իրենց սեփականություններից մեկում` «Մոնակո» անունը կրող շենքում, հարակից տարածքում ինչ-որ մեկը մեքենա է կայանում, դռները փակում և լուռ հեռանում։ Այս մեքենայում շուրջ 700 կիլոգրամ դինամիտ կար, որը հնարավոր էր պայթեցնել հեռահար կառավարման վահանակով։

Ըստ ականատեսների՝ հսկա պայթյուն է որոտում, որը կիլոմետրերի հեռավորությունից մեծ սնկի տեսքով երևում էր։

«Այդ գիշեր ես և մայրս քնած էինք հյուրերի սենյակում, քանի որ մեծ ննջասենյակը վերանորոգվում էր։ Պայթյունից առաստաղից մի մեծ բետոնե կտոր ընկավ մեր մահճակալի վրա, սակայն, բարեբախտաբար, մենք ողջ մնացինք, քանի որ բետոնե սալիկի մի ծայրը դեմ էր առել մեծն քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի արձանին, որ տեղակայված էր մեր մահճակալի կողքին»,- պատմում է Պաբլո Էսկոբարի որդին՝ հիշելով, թե ինչպես է ընտանիքը հրաշքով փրկվել։

Որոշ գնահատականներով՝ Պաբլո Էսկոբարի արվեստի գործերի հավաքածուն ամենամեծն էր Հարավային Ամերիկայում։ Նրա հավաքածուի մեջ կային այնպիսի աշխարհահռչակ գործեր, ինչիսիք են Սալվադոր Դալիի «Ռոք ընդ Ռոլ» նկարը, Կլաուդիո Բրավոյի անգին նկարները, ինչպես նաև Իգոր Միտորայի, Ֆերնանդո Բոտերոյի և Էդգար Նեգրեթի քանդակները։

Կալիի հանցավոր խմբավորման սանձազերծած հարձակումներն Էսկոբարի մեթոդներից ոչ պակաս դաժան էին։ Նրանք այնքան հեռու էին գնացել, որ սկսել էին վերացնել Պաբլոյի շրջապատի մարդկանց։ Այդ զոհերի շարքում էին Պաբլոյի փաստաբանը, ինչպես նաև նրա հետ երբևէ որևէ առնչություն ունեցած այլ անձինք։

Տեսնելով հոր սկսած պատերազմի հետևանքով զոհված մարդկանց նկարներն ու դաժան լուրերը, Սեբաստիան Մարոքուինը մոտենում է հորը և ասում, որ նա սխալ է վարվում, և, որ չի կարելի նման դաժան կերպով վարվել մարդկանց հետ, որին ի պատասխան՝ Էսկոբարն ասում է.

«Դու մոռանում ես, որ Կոլումբիայի, այսպես կոչված, նարկոտեռորիզմի առաջին զոհերը եղել են քո մայրը, քո քույրը և դու, երբ նրանք համարձակվեցին պայթեցնել Մոնակո շենքը,- ապա շարունակում է,- Այս պատերազմը ես չեմ հնարել։ Ես օգտագործում եմ այն նույն զենքն ու մեթոդները, ինչ իրենք օգտագործեցին` ոչնչացնելու այն ամենը, ինչ ինձ համար ամենաթանկն է. իմ ընտանիքին»։

Սեբաստիան Մարոքուինը հորը՝ Էսկոբարին, առաջին և վերջին անգամ լացելիս տեսել է 1993թ. սեպտեմբերի 18-ին, նախքան հերթական թաքստոցում պատսպարվելու համար միմյանցից բաժանվելը։ Սա վերջին անգամն էր, որ տղան պետք է տեսներ հորը։

Փախուստի ընթացքում, տարբեր թաքստոցներում ապրելու ժամանակ Պաբլոն փորձ արեց իր ընտանիքին հանել Կոլումբիայից։ Նրան հաջողվեց դեպի Ֆրանկֆուրտ ուղևորություն կազմակերպել իր ընտանիքի համար` հույսով, որ ընտանիքը որոշ ժամանակ կբնակվեր Գերմանիայում, մինչև նա տեղում իր հարցերը կկարողանար կարգավորել։

Թեև նրան հաջողվեց ընտանիքին ինքնաթիռ նստեցնել, սակայն Կոլումբիայի կառավարությանը հաջողվեց պարզել Պաբլոյի այդ պլանները, և նրա ընտանիքին ետ ուղարկեցին Կոլումբիա` թույլ չտալով մուտք գործել Գերմանիա։

Կոլումբիա վերադառնալուց հետո Պաբլոյի ընտանիքն ապրում էր ոստիկանության հսկողության տակ։ Չնայած Պաբլոն միշտ զգույշ էր հեռախոսով խոսելիս և միշտ փորձում էր զանգերը կարճ կապել, սակայն իր ընտանիքի հետ հեռախոսով կապ հաստատելիս նա մի քանի անգամ խախտեց այս սովորությունը, և վերջապես նրան հետևող ուժերին հաջողվեց իմանալ նրա տեղը։

Այս` երկարատև և ծախսատար պատերազմում կորցնելով իր ամբողջ կարողությունը և իր հավատարիմ մարդկանց, նրա դեմ պայքարող ուժերին հաջողվում է տեղորոշել Էսկոբարի գտնվելու վայրը, և 1993թ. դեկտեմբերի 2-ին Էսկոբարին սպանում են՝ կրակելով նրա վրա։

Երբ հերթական թաքստոցից Պաբլոն զանգահարում է իր ընտանիքին, նրա թշնամիներին հաջողվում է իմանալ նրա տեղը, և տների կտուրների վրայով փախուստի ժամանակ փոխհրաձգության արդյունքում Պաբլո Էսկոբարին սպանում են։

Չնայած այն փաստին, որ Էսկոբարի մարմնում մահացու վնասվածքներ հասցրած պարկուճներ էին հայտնաբերվել, նրա որդին հավաստիացնում է, որ մահացու կրակոցը ոստիկանների կողմից արձակված չի եղել, քանի որ հետագայում այդպես էլ չի հաջողվել հաստատել այդ վերջին մահացու պարկուճի ինքնությունը։

Նա հավատացած է, որ հայրը վերջին պահին՝ հայտնվելով անելանելի վիճակում, ինքնասպան է եղել` թույլ չտալով իրեն հալածող ոստիկանական ուժերին սպանել իրեն։

«Ես հիշում եմ. մեկ անգամ հայրս ինձ հետ զրույցում խոսել էր իր կյանքին վերջ տալու հնարավորության մասին։ Այդ ժամանակ նա փախուստի ընթացքում ռադիոհեռախոսով խոսում էր իր մարդկանց հետ, և ես երբեք չեմ մոռանա այն արտահայտությունը, որը լսեցի հենց իրենից. «Այդ տականքներին երբեք չի հաջողվի իմ կյանքը խլել»»։

Էսկոբարի մահից անմիջապես հետո նրա ընտանիքի գլխին դամոկլյան սուր էր կախված, որը նրանց ստիպելու էր դեռ երկար տարիներ ապրել ահ ու սարսափի մեջ` ամեն վարկյան իրենց աչքի առաջ ունենալով մահվան վախը։ Պաբլոյի մահից հետո նրանք զրկվեցին ֆինանսական կարողություններից, իրենց կողքին նախկինում եղած հավատարիմ մարդկանցից, և նույնիսկ սեփական ընտանիքի անդամներից ոչ ոք չէր մնացել։

Պաբլոյի որդին հիշում է, թե ինչպես է իրենց ամենամտերիմ անձանցից մեկը, ով պետք է ամենադժվարին պահին իրենց ցուցումով գնար և «սև օրվա» համար պահված վերջին գումարը վերցներ և բերեր՝ իրենց փոխանցեր, այդ գումարը վերցնում և անհետանում։

Հետագա դատավարական լսումներից մեկի ժամանակ Պաբլո Էսկոբարի տղան դատարանից խոսքի թույլատվություն է խնդրում և հետևյալն ասում իր բարեկամների մասին.

«Ես ցանկանում եմ հստակ հավաստիացնել և նշել, որ ես ամոթ եմ զգում այն բանի համար, որ ստիպված եմ դատարանում նման հայտարարություն անել, որպեսզի հիշեցնեմ իմ հոր բարեկամներին, որ Էմիլիո Էսկոբար Գավիրիան գոյություն է ունեցել, և, որ նա նրանց եղբայրն ու միակ օգնողն է եղել իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Իմ հորական կողմից ոչ մի բարեկան երբևէ սեփական ուժերով գումար չի վաստակել։ Նրանք բոլորը՝ առանց բացառության, իրենց ամբողջ ունեցվածքին հասել են բացառապես իմ հոր շնորհիվ, և ոչ՝ իրենց սեփական ջանքերի։ Կոլումբիան չի մոռացել՝ ով է եղել Պաբլո Էսկոբարը, բայց նրա սեփական ընտանիքը շատ շուտ մոռացավ»։

Առանց գոյության որևէ նյութական հնարավորության՝ Էսկոբարի ընտանիքը պետք է պայքարեր ֆիզիկական գոյության համար։

Մարդ, ով ինքն իր համար սեփական բանտ էր կառուցել և կառավարությանը ստիպել, որ իրեն «բանտարկեն» իր սեփական բանտում

Նախագահի թեկնածուի սպանությունից հետո Կոլումբիայի կառավարությունը ստիպված էր բազմապատկել իր ջանքերը, որպեսզի Էսկոբարին կարողանա ծնկի բերել, սակայն դա այդքան էլ հեշտ չէր։ Էսկոբարի տեռորը Կոլումբիայի կառավարությանը փակուղի էր գցել, և, երկար բանակցություններից և դիմադրությունից հետո Կոլումբիայի կառավարությունը 1991թ. մայիս ամսին պայմանականորեն համաձայնում է դադարեցնել արտահանձնման գործընթացները և թիվ 1303 հրամանագրի միջոցով մի փաստաթուղթ է ընդունում, որը ներառում էր Պաբլո Էսկոբարի բոլոր պահանջները։

Այս փաստաթուղթը ոչ թե կառավարության, այլ Պաբլոյի պայմաններով կնքված գործարք էր։ Այս հրամանագրի միջոցով Կոլումբիայի կառավարությունը Պաբլո Էսկոբարի հանձնվելու դեպքում համաձայնում է նրան ազատությունից զրկել իր իսկ առաջ քաշած պայմաններով. այն է` նա պետք է ինքն իր համար ընտրած վայրում իր ուժերով բանտ կառուցեր և հենց այնտեղ էլ մնար կալանքի տակ, որտեղ պետք է գործեին իր իսկ կողմից սահմանված օրենքները։

Էսկոբարը տեղափոխվում է իր իսկ կողմից կառուցված «ճոխ» և բոլոր հարմարություններով հագեցած բանտ, որը ստանում է «Ամրոց» (La Catedral) անվանումը: Նա իր քրեական գործունեությունը շարունակում է «Ամրոցից». այստեղ նա հյուրեր է ընդունում, ժամանակ անցկացնելու համար կանանց է հրավիրում, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին իր ընտանիքին է հյուրընկալում։ Նույնիսկ կարգուկանոնին և «բանտարկյալներին» հետևող բանտապահներն էին իր մարդիկ, ովքեր վճարվում էին Էսկոբարի բյուջեից։ Նա իր «Ամրոց» բանտում ուներ ամեն ինչ, միայն թե՝ սահմանափակ աշխարհաքաղաքական տեղաշարժի հնարավորությամբ, բայց նաև՝ ավելի լավ անվտանգությամբ։ Սա Կոլումբիայի կառավարության համար լուծում չէր, ժամանակավոր միջոց էր, որպեսզի կարողանա ժամանակ շահել և նրան ոչնչացնելու այլ ճանապարհներ որոնել։

 

Մի քանի անգամ Կոլումբիայի ոստիկանական ուժերը փորձում են նրան այդտեղից տեղահանել, սակայն Պաբլոն ամեն ինչ իր վերահսկողության տակ էր պահում։ Մի քանի անգամ Պաբլոյի մարդիկ սկսում են անհանգստանալ՝ տեսնելով, որ հավաքված ոստիկանական ուժերը պատրաստվում են շրջապատել և հարձակվել, ինչին ի պատասխան՝ Պաբլոն ասում է. «Տղերք, դուք մի անհանգստացեք։ Ա՛յ, երբ տեսնեք, որ արդեն կոշիկներս եմ կապում, այ այդ ժամանակ արդեն կարող եք անհանգստանալ»։

Նման հարձակումներից մեկի ժամանակ, վերջապես, կառավարական ուժերին հաջողվում է ներթափանցել «Ամրոց», սակայն Էսկոբարն ու իր մարդիկ արդեն այնտեղ չեն լինում, քանի որ նրանք տեսնելով իրական վտանգը՝ փախուստի էին դիմել նախապես պատրաստված գաղտնի ելքերից մեկով։

Ուժեղ կինը, ում հաջողվում է փրկել երեխաների կյանքը` կորցնելով մնացած ամեն ինչը

Պաբլոյի մահից հետո նրա ընտանիքը սկսում է բազում սպառնալիքներ ստանալ, և արդեն պարզ է դառնում, որ մաֆիայի այլ խմբավորումներն իրար հերթ չէին տալու նրանց սպանելու համար։ Տեսնելով երեխաների կյանքին սպառնացող այդ վտանգը՝ Պաբլոյի կինը հակընդդեմ քայլ է անում և հանդիպում է խնդրում երկրի հիմնական մաֆիայի ղեկավարների հետ, որպեսզի նրանց առաջարկի իր ամուսնու թողած ողջ կարողությունն ու հարստությունը, միայն թե թույլ տան, որ իր երեխաները ողջ մնան։

 

Մաֆիայի պարագլուխները համաձայնում են հանդիպել նրան, սակայն Պաբլոյի կինը ևս մեկ անգամ է ցավ ապրում՝ տեսնելով, որ իր ետևից թշնամիների հետ հանդիպմանը եկել է ուղեկցելու իր ամուսնու ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Պաբլոյի կինն այլևս չուներ ոչ մի տեսակի օգնություն կամ հին մտերիմներից որևէ մեկի աջակցությունը. լինելով ամբողջովին մեն-մենակ՝ իր երեխաների կյանքը միայն իրենից էր կախված։

Կոլումբիայի հանցավոր խոշոր խմբավորումների համատեղ հանդիպմանը Պաբլո Էսկոբարի կինը գնում է «սգի» սևազգեստ շորերով, և երբ նա հանդիպման սենյակ է մտնում, այնտեղ արդեն նրան էին սպասում երկրի մաֆիայի շուրջ 40 պարագլուխներ։

Սեղանի շուրջ մեկ ազատ աթոռ էր թողնված, որտեղ պետք է նստեր Էսկոբարի կինը և փորձեր ողջ դուրս գալ այդտեղից ։ Չնայած նրան, որ կնոջ հասցեին ամեն տեսակի լուտանքներ և սպառնալիքներ էին հնչում, ներառյալ՝ այնպիսի սպառնալիքներ, որ իրեն և երեխաներին պետք է սպանեն, կտրատեն և պարկերի մեջ նետեն, նա կենտրոնացած էր միայն մեկ բանի վրա. այդտեղ լինելու նրա միակ նպատակն էր իր երեխաների կյանքը փրկելը, եթե նույնիսկ նա ստիպված լիներ կորցնել ամեն ինչ։ Ի վերջո, նրան հաջողվում է զրույցին հուզիչ տոն հաղորդել և բանակցություններ սկսել։

Մաֆիայի պարագլուխներից յուրաքանչյուրը պատմում էր, թե որքան դաժան է վարվել իրենց հետ Պաբլոն, թե ինչպես է նրա ամուսինը դաժանորեն հաշվեհարդար տեսել իրենց ընտանիքի անդամների հետ։ Նրանցից մեկն ասում է, որ Պաբլոն իրենից հսկայական գումար է գողացել, և նա պետք է այդ գումարը «կնոջից» ստանա։ Մյուսը նույնիսկ պատմել է կնոջը, թե ինչպես էին պլանավորել սպանել նրա երեխաներին և մարմնի մասերն ուղարկել նրա ամուսնուն, սակայն դա ձախողվել էր։

Այս բոլոր սպառնալիքներին և լուտանքներին ի պատասխան՝ Էսկոբարի կինը հանգիստ տոնով ասում է, որ արդեն պատերազմն ավարտվել է, և ինքն այդտեղ է միայն մեկ նպատակով` փրկել իր երկու երեխաների կյանքը։

Նրան անընդհատ ընդհատում էին սպառնալիքներով և տարատեսակ հայհոյանքներով, և այդ իրավիճակում շատ դժվար էր բանակցելը։ Ներկաներից մեկը բղավելով՝ հռետորական հարց է տալիս. «Ես ուզում եմ իմանալ, ուզում եմ, որ դու իմ այս հարցին պատասխանես. եթե նման իրավիճակում քո տականք ամուսնու դեմ մեր կանայք նստած լինեին, քո կարծիքով՝ ի՞նչ կաներ նա նրանց հանդեպ։ Հավանաբար մի ահավոր դաժան բան, այնպես չէ՞։ Դե՛, պատասխանի՛ր»։

«Աստված իմաստուն է, պարոնա՛յք, և միայն Աստված գիտի, թե ինչու եմ հենց ե՛ս այստեղ նստած, այլ ոչ թե՝ ձեր կանայք»,- պատասխանում է Էսկոբարի կինը։

Այս պատասխանի շնորհիվ՝ նրան հաջողվում է իրավիճակն ինչ-որ չափով մեղմել, և հանցագործ խմբավորումների պարագլուխներն ասում են, որ իրեն և աղջկան հանգիստ կթողնեն, սակայն տղայի կյանքին պետք է վերջ տան։

«Մայրս չի դիմանում և այդքան իրեն զսպելուց հետո միանգամից սկսում է լաց լինել` ասելով, որ խաղաղությունն առանց իր տղայի խաղաղություն չի լինի»,- վերհիշում է Պաբլոյի որդին։

Ներկաներից մեկն ասում է, որ միակ պատճառը, որ Պաբլոյի կնոջը թույլ են տվել գալ, այդտեղ նստել ու խաղաղություն խնդրել, եղել է նրա խաղաղության գնալու դիրքորոշումը, ինչի մասին նա միշտ հորդորել է իր ամուսնուն՝ խնդրելով գնալ խաղաղության, և այդքան դաժան չլինել մյուսների հանդեպ։

«Դու հիմա այստեղ նստած ես, որովհետև մենք քեզ երկար ձայնագրել ենք, գիտենք ձեր խոսակցությունների մասին, և դու միշտ փորձել ես հարթել մեր կոնֆլիկտները։ Բայց ինչպե՞ս կարող էիր դու նման տականքին առանց վերապահումների աջակցել և, որպես կին՝ մնալ նրա կողքին։ Ինչպե՞ս էիր դու այդ տականքին սիրային նամակներ գրում՝ հատկապես, երբ գիտեիր, որ նա միշտ քեզ դավաճանում էր։ Մենք այդ ձայնագրություններից հատվածներ ենք տարել տուն և մեր կանանց ստիպել ենք լսել ձեր խոսակցությունները, որպեսզի նրանք տեսնեն, թե ամուսնու համար ինչպիսին պետք է լինի իսկական օրինակելի հավատարիմ կինը»։

Այս ուժեղ կնոջը հաջողվում է ամուսնու կատարած անհամար դաժանություններից հետո խաղաղության հասնել և փրկել իր երեխաների կյանքը։ Սակայն դրա դիմաց նրանից պահանջում են ամեն ինչ. իր ամուսնու թողած բոլոր փողերը, սեփականությունները, աշխարհահռչակ հեղինակների արվեստի գործերի հավաքածուն, և այլն։ Նրան նախկին կյանքից ոչինչ չի մնում, սակայն հաջողվում է փրկել իր երկու երեխաների կյանքը, թեպետ դեռևս երկար տարիներ պետք է ստիպված լիներ փախուստի և հարատև վախի զգացողության մեջ ապրել։

Երկու տասնամյակ՝ փախուստի մեջ

Ամեն վայրկյան կյանքից զրկվելու վախն աչքների առաջ՝ Պաբլո Էսկոբարի ընտանիքը, փրկվելու որևէ հույս գտնելու ակնկալիքով, թակում էր ցանկացած դուռ։ Նրանք վիզա ստանալու խնդրանքով դիմում են մի շարք դեսպանատների և բոլորից մերժում ստանում (Կոստա Ռիկա, Գերմանիա, Իսրայել, Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Կանադա, Վենեսուելա, Էլ Սալվադոր, Իտալիա, Պերու, Էկվադոր, Չիլի, Ֆրանսիա, Անգլիա և ԱՄՆ)։ Նրանք նույնիսկ դիմում են Կաթոլիկ եկեղեցուն և «Կարմիր Խաչի» կոմիտեին, սակայն՝ նույնպես անարդյունք։ Նրանց ոչ ոք չէր ցանկանում որևէ կերպ ձեռք մեկնել, և միակ պատճառն այն դաժանություններն էին, որ Էսկոբարն արել էր մարդկանց հանդեպ։

Մի օր նրանց են մոտենում մարդիկ և ասում են, որ իրենց հետ ցանկանում են հանդիպել Նյու Յորքից ժամանած դիվանագետները, ովքեր ներկայացնում են Մոզամբիկի դեսպանատունը։ Այդ հանդիպման ժամանակ նրանց առաջարկում են բնակություն հաստատել Մոզամբիկում։ Քանի որ այլ տարբերակ չկար, Էսկոբարի կնոջ համար սա մի լույս էր և հույս, որ կարող է փրկել իր երեխաներին։ Նրանք մեկնում են Մոզամբիկ, որտեղ որոշ ժամանակ նորմալ կյանքի համար անհրաժեշտ պայմանների բացակայությամբ բնակվելուց հետո նորից այլ ուղիներ են որոնում այնտեղից դուրս գալու համար, քանի որ Պաբլոյի տղան ընկել էր խորն ընկճախտի մեջ. նա նույնիսկ սպառնացել էր վերջ դնել իր կյանքին։

Նրանց հաջողվում է մեկնել Բուենոս Այրես և ծածուկ ապրել այլ անուններով և ինքնությունների ներքո։ Պաբլո Էսկոբարի տղայի նոր անունն է Խուան Սեբաստիան Մարոքուին Սանտոս (Juan Sebastián Morroquin Santos): Սակայն շուտով նրանց ինքնությունները բացահայտվում են, և Էսկոբարի ընտանիքին Արգենտինայի իշխանությունները ձերբակալում են։ Նրանք ամբողջ ընտանիքով հայտնվում են բանտում:

Այս ամբողջ պատմության և փախուստի ընթացքում Խուան Սեբաստիանի ընկերուհին նրա կողքին է լինում. նա հրաժեշտի պահին՝ վերջին վայրկյանին սիրեցյալի հետ ինքնաթիռ է մտնում և ամբողջ ընթացքում նրա հետ է լինում։ Միայն տարիներ անց, արդեն բանտում եղած ժամանակ, Պաբլո Էսկոբարին տղան ժամանակ է ունենում ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին, որն ընդունվում է սիրով և մեծ ուրախությամբ։ Նրանք որոշում են բանտից դուրս գալուն պես ամուսնանալ։

Սեբաստիանին բանտից ավելի շուտ են բաց թողնում, քան մորը։ Նա օր ու գիշեր աշխատում է, որպեսզի կարողանա առօրյա ծախսերը հոգալ, և նաև բավականաչափ գումար ունենա մորը բանտից ազատելու համար։ 2001թ. Էսկոբարի կինն ազատվում է բանտից։

Երբ այս մղձավանջն ավարտվում է, Սեբաստիանը վերջապես որոշում է իրականացնել իր երազանքը և Պալերմոյի Համալսարանում ճարտարապետություն է սովորում և լավ առաջադիմությամբ ավարտում է համալսարանը։ Ներկայումս նա իր ընտանիքի հետ ապրում է Արգենտինայում և իր գումարը վաստակում է՝ որպես ճարտարապետ։

2002թ. դեկտեմբերին Սեբաստիանը և իր կյանքի միակ սերը` Անդրեան, որոշում են օրինական ամուսնություն կնքել, սակայն Կաթոլիկ եկեղեցին չի արտոնում նրանց ամուսնությունն իրենց եկեղեցու պատերից դուրս։ Սեբաստիանի մայրը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ ուժեղ կին է, և անում է անհնարինը, ինչը ոչ մի այլ մարդու չէր հաջողվի։ Նրա ջանքերի շնորհիվ Բուենոս Այրեսի հոգևոր հայրը` Խորխե Մարիո Բերգոգլիոն (Jorge Mario Bergoglio), անձամբ է արտոնում այս ամուսնությունը։ Բոլոր չկամեցողներին և դիմադրություններին հակառակ՝ այս ուժեղ կինն իր որդու ամուսնության արտոնությունն անձամբ ձեռք է բերում մի մարդուց, ով հետագայում պետք է դառնար Հռոմի պապ Ֆրանցիսկը` ներկայիս Հռոմի պապը։

Ճշմարտություն և Հաշտություն

Հոր մահից հետո Սեբաստիանը երդվել էր, որ պետք է վրեժխնդիր լինի հոր մահվան համար, սակայն նա դրժեց իր երդումը։

«Բոլորս իրավունք ունենք փոխվելու, և արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ ես ապրում եմ հանդուրժողականության, խաղաղ համակեցության, երկխոսության, հաշտության և արդարամտության մաքուր օրենքներով»,- ասում է Էսկոբարի որդին, ով այսօր ներողություն է խնդրում իր հոր հանցագործ գործունեության արդյունքում իրենց հարազատներին կորցրած մարդկանց ընտանիքներից։

Նա հանդիպել է բազում մարդկանց, ում բարեկամները հոր զոհերն են եղել, և ներողություն և հաշտություն է խնդրել նրանցից։

Էսկոբարի որդին հոր պատմությունը շարադրել է իր գրքում՝ որպես մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ և զարհուրելի հանցագործներից մեկի, բայց դա արել է ափսոսանքի և հաշտություն ակնկալելու զգացումով։ Շատերը կարծում են, որ նա նույնպես իր հոր գործունեության զոհերից է, քանի որ նա նույնպես ստիպված է եղել բազում տանջանքների միջով անցնել։

Չնայած Էսկոբարն այդ աստիճանի դաժան հանցագործ էր, նա ընտանիքի ֆենոմենալ դրական հոր կերպար էր իրենից ներկայացնում, և նրա երեխաները երբեք իր ճանապարհով չգնացին։ Մեկ անգամ որդին հորը տեսնում է մարիխուանա ծխելիս, որն էլ առիթ է դառնում, որպեսզի հայրը որդու հետ զրուցի թմրանյութերի և մարդու առողջության ու կյանքի վրա դրանց բացասական ազդեցության մասին։ Պաբլոն որդուն բացատրում է տարբեր թմրամիջոցներից կախվածության վնասների մասին և խրատում, որ նա երբեք չպետք է որևէ տեսակի թմրանյութ օգտագործի. մարդը, ով ամբողջ աշխարհին տոննաներով կոկաին էր մատակարարում, վերածվում է հոգատար հոր, ով խորհուրդ է տալիս երբեք այդ չարիքից չփորձել։

Այժմ Պաբլո Էսկոբարի որդին ապրում է Արգենտինայում և աշխատում է՝ որպես ճարտարապետ` սեփական արդար աշխատանքով վաստակելով իր և իր ընտանիքի ապրուստը։ Նա չունի և երբեք էլ չի ունենա այն հարստությունն ու ազդեցությունը, որն ուներ իր հայրը, սակայն այժմ նա ունի հոգու հանգստություն, որն իր հայրը երբեք չի ունեցել։

Պաբլոյի որդին հոր մասին պատմող գրքում շարադրելով իր հուշերը՝ ընթերցողներին թողել է հետևյալ հողորդագրությունը.

«Այս գիրքը նվիրում եմ հորս, ով ինձ ցույց տվեց այն ճանապարհը, որը չպետք է ընտրել»:

Սույն հոդվածը պատրաստվել է Պաբլո Էսկոբարի որդու անձնական վկայությունների և գրքի հիման վրա։

Հեղինակ` Կամո Մայիլյան