Կորոնավիրուսով վարակվել-չվարակվելու հավանականությունը որոշում են երկու հիմնական գործոններ՝ մոտիկ գտնվելն ու ժամանակը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ոլորտի առաջատար մասնագետներից Բոննի համալսարանի վիրուսոլոգիայի ինստիտուտի ղեկավար Հենդրիկ Շտրիկը։

Նա բացատրել է, որ որքան մոտ են մարդիկ գտնվում իրար և որքան երկար ժամանակ են անցկացնում միասին, այնքան մեծ է հավանականությունը, որ կարող են իրար փոխանցել ոչ միայն կորոնավիրուսը, այլև շնչառական համակարգի այլ վիրուսներ։ Վտանգն էլ ավելի է մեծանում շինությունների ներսում, որտեղ չկան քամի ու արևի ճառագայթներ, որոնք կցրեն օդում առկա մասնիկները։

Ըստ այդմ, ինչպես նշել է մասնագետը, բժշկական դիմակների ճիշտ կրումը զգալիորեն նվազեցնում է վարակման հավանականությունը։ Միայն թե այդ դիմակները անհրաժեշտ է ճիշտ կրել։ Այլապես դրանք առանց լվանալու տևական ժամանակ կրելը կարող է դրանց վրա սնկերի ու բակտերիաների բազմացման լավ միջավայր ստեղծել՝ հիվանդանալու այլ պատճառներ ստեղծելով դիմակը կրողի համար։

Մասնագետը նշել է, որ դա կորոնավիրուսի տարածման առաջնային, հիմնական տարբերակն է, բայց կա նաև երկրորդը՝ շփումներով տարածումը։ Խոսքն այն մասին է, որ եթե վարակված անձը հազում կամ փռշտում է ափի մեջ, ապա դիպչում է, օրինակ՝ դռան բռնակին, ապա նրանից հետո այդ նույն բռնակին դիպչելու և ձեռքը բերանին, քթին, աչքերին տանելու դեպքում նույնպես վարակում է տեղի ունենում։

Սրանից կարելի է խուսափել՝ պահպանելով հիգիենան, ախտահանելով բռնակներն ու այլ մակերևույթներ, ախտահանելով ու հաճախ լվանալով ձեռքերը։